Ռազմավարական գործը ձախողած ընկերությանը պետբյուջեից նոր պատվեր են տվել
Tesankyun.am-ը գրում է. Մարտի 30-ին Դիլիջանում շահագործման է հանձնվել քաղաքի օղակաձեւ հրապարակը: Այդտեղ են հատվում Երեւան-Դիլիջան-Իջեւան եւ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները:
Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդագրության՝ օղակաձեւ հրապարակում նորոգվել է 8004 քառակուսի մետր տարածք: Նախկինում հրապարակի ասֆալտբետոնե ծածկը մաշված էր, հրապարակը եզրափակող բազալտե եզրաքարերը՝ քանդված:
«Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով այդ աշխատանքները կատարել է «Խաչհար» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքները կատարվել են պետական բյուջեի միջոցներով, դրանց արժեքը գրեթե 58 միլիոն դրամ է: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն արդեն հիշյալ ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
«Խաչհարը» ձախողել է Տավուշի սահմանագոտում Վազաշեն-Պառավաքար ռազմավարական ճանապարհի կառուցման ժամկետը: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր 2014թ. հունիսին: Այն 1.8 կմ-ով կրճատելու է այդ տարածքում երթեւեկությունը եւ ապահովելու էր սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից:
Այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճՇՇ-ն: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2014թ. հոկտեմբերի վերջ ավարտել կարեւոր ճանապարհի շինարարությունը, սակայն այն կիսատ է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: