«Նման ծեծ ու ջարդ կազմակերպողները Ժիրայր Սէֆիլյանին շատ մեծ PR են անում»
Հայաստանի ներքաղաքական կյանքում հիմա որոշակի անդորր ու պասիվություն է։ Արդյո՞ք դա պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով, թե՞ Գագիկ Ծառուկյանի և ընդհանրապես ոչ իշխանական եռյակի պայքարի անհաջող ավարտով։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով` այդ երկու հանգամանքներն էլ դերակատարում ունեն ներքաղաքական ներկա պասիվ իրավիճակի համար։
Քաղաքագետը ոչ կոռեկտ է համարում որոշ քաղաքական գործիչների ակտիվությունը ապրիլի 24-ի նախաշեմին, որոնք հանդես են գալիս իշխանափոխության կոչերով. «Ես, իհարկե, հարգում եմ նրանց կարծիքը և շատ կողջունեմ, որ նրանք շատ ակտիվ լինեն ոչ թե` իշխանափոխության առումով, այլ` որպեսզի իշխանություններն ավելի սթափ լինեն իրենց գործունեության մեջ, ավելի ուշադիր լինեն ժողովրդին վերաբերող հարցերին։ Բայց ես գտնում եմ, որ կան բաներ, որոնց վերաբերյալ մեր ընդդիմությունն էլ պետք է ավելի զգույշ լինի, որովհետև մնացել է ընդամենը 17 օր, և մենք համայն աշխարհին ներկայանում ենք Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով, և սպասվում է բազմաթիվ հյուրերի այց Հայաստան։ Ես գտնում եմ, որ գեղեցիկ չէ այս պահին այդ խնդիրները բացեիբաց ներկայացնել օտարերկրյա հյուրերին»։
Անդրադառնալով հարցի մյուս կողմին` քաղաքագետը նկատեց, որ ԲՀԿ-ի «կազմաքանդումից հետո, որը նախագահ Սերժ Սարգսյանը սկսեց փետրվարի 12-ի իր հանրաճանաչ ելույթից», ընդդիմությունը բավական «պասիվ» վիճակում է գտնվում. «Ես նշել եմ ու նշում եմ, որ ընդդիմությունը գտնվում է նոկդաունային իրավիճակում, և մինչև հիմա ուշքի չի եկել, ուշքի գալու համար նրան բավական մեծ ժամանակ է պետք և բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ։ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն էր, որն իր տեղն ուներ վերջին շրջանում` արդեն նաև ընդդիմադիր դաշտում, և հիմա այդ տեղը թափուր է։ Շատ տարօրինակ է, որ մեր մյուս` իրենց ընդդիմադիր անվանող կուսակցություններն ավելի պասիվ են այդ վակուումը լրացնելու առումով, որովհետև, երևի թե, ամենաառաջինն իրենց վաղեմի պատմությունը թույլ չի տալիս, և նաև ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս»։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ից ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100-ամյակը` առանց ռեժիմի» շարժումը սկսելու է իր հանրահավաքները։ Մենք քաղաքագետից հետաքրքրվեցինք` ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանրահավաքներից` հաշվի առնելով, որ իշխանական գործիչներն էլ նշում են, որ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։
Ի պատասխան` Գ. Համբարյանը նշեց, որ ինքը բացարձակ համաձայն չէ Ժիրայր Սէֆիլյանի գործելաոճի հետ, առավել ևս` ապրիլի 24-ի նախաշեմին. «Եվ այդ օրվանից սկսված հանրահավաքները ոչ մի օգուտ չեն բերելու ո՛չ իրեն, ո՛չ Հայաստանի Հանրապետությանը, ո՛չ էլ վնաս կտան իշխանություններին»։
Անդրադառնալով իշխանությունների կողմից ակնկալվող «կանխարգելիչ միջոցառումներին»` քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ կանխարգելիչ գործողություններ կազմակերպողներն «արջի ծառայություններ» են մատուցում գործող իշխանություններին և ավելի են վատթարացնում իրենց վիճակը.
«Վառ օրինակը Գյումրու դեպքերն են։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ անձինք, որոնք եկել, խանգարում էին Ժիրայր Սէֆիլյանի հանրահավաքը, երևի թե ուղղորդողներ ունեին, ձու էին շպրտում միտինգավորների վրա, ինչ-որ խուլիգանություն էին անում, դանակահարություն տեղի ունեցավ։ Եթե այդպիսի անիմաստ և անտրամաբանական քայլեր չանեին այդ անձինք, այդ միտինգը բացարձակ չէր էլ լուսաբանվի։ Դուք շատ լավ տեսաք, թե քանի մարդ էր մասնակցում այդ միտինգին և մեծ մասամբ ինչ տարիքի մարդիկ էին։ Ուղղակի իրենք իշխանություններին սպասարկող անձինք են, ովքեր ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ Սերժ Սարգսյանի աչքերում, բայց ավելի մեծ վնաս են նրան հասցնում` այդպիսի անիմաստ, անտրամաբանական և շատ դեպքերում` նաև խուլիգանական արարքներով, քան, եթե իրենք թողնեին, որ Ժիրայր Սէֆիլյանի միտինգը շատ հանգիստ անցներ։ Ինձ թվում է` այդտեղ ավելի շատ լրագրող և ոստիկան կային, քան հանրահավաքին մասնակցողները։ Նման ծեծ ու ջարդ կազմակերպողները Ժիրայր Սէֆիլյանին շատ մեծ PR են անում»։
Հարցին` այդ «խուլիգանություն անող» մարդիկ ո՞ւմ կողմից էին ուղղորդված, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց. «Երևի թե նրանք այն անձինք են, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, հիմա ես կոնկրետ փաստեր չեմ կարող ասել, բայց նորից եմ կրկնում, որ շատ տարօրինակ էր, որ Ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ մարդիկ ձու են շպրտում և դրա համար չեն պատժվում, հլը թող սովորական քաղաքացին լիներ, տեսեք` ինչ կանեին»։
Հարցին` «Հիմնադիր խորհրդարանի» անդամները շատ վստահ են, որ հաջողության են հասնելու, ինչքանո՞վ եք հավանական համարում դա, քաղաքագետը պատասխանեց. «Ես այս տարիների ընթացքում շատ ընդդիմադիրների եմ տեսել, որ շատ վստահ հայտարարել են, որ իրենք իշխանափոխություն են կազմակերպելու, հեղափոխություն են անելու, «ազատագրելու» են իշխանությունը բռնապետներից, օլիգարխներից, և այլն, և այլն։ Ես չեմ հավատում Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների կոչերին, որովհետև նրանք հիմա շատ թույլ են և շատ անկազմակերպ»:
«168 Ժամ»