
Քենիայի մարտական ավիացիան Սոմալիում հարվածել է «Ալ-Շաբաբի» դիրքերին

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Քենիայի իշխանությունները շարունակում են «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ալ-Շաբաբ» արմատական իսլամական խմբավորման անդամների դեմ հակաահաբեկչական գործողությունը:
Քենիայի ռազմաօդային ուժերը երեկ ցերեկն ու այսօր առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Սոմալիի Գեդո քաղաքում զինյալների դիրքերին: Այս մասին հայտարարել է Քենիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Հարվածը հասցվել է Քենիայի հետ սահմանի մոտ գտնվող զինյալների ենթադրյալ երկու բազաներին, որոնց խմբավորումն օգտագործել է Քենիայի տարածքում զինված հարձակումներ պլանավորելու համար: Ընդգծվում է, որ երկու թիրախն էլ ոչնչացվել է:
Ապրիլի 2-ին «Ալ-Շաբաբը» հարձակվել էր Քենիայի արևելքում գտնվող Գարիսա քաղաքի համալսարանի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 148 և վիրավորվել էր 79 մարդ:
Արմատական իսլամականները հայտարարել են, որ դա հանդիսանում է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Քենիայի կողմից իր զինվորականներին Սոմալի ուղարկելու վրեժխնդրությունը: Ավելի ուշ խմբավորումը Քենիային խոստացել է «արյունից կարմիր ներկված քաղաքներ»: