
Թուրքիայի ԱԳՆ-ն անհիմն է որակել ապրիլի 24-ի վերաբերյալ մի շարք հրապարակումներ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում ապրիլի 24-ին Դարդանելում պատրաստվող միջոցառումների վերաբերյալ մի շարք հրապարակումներ:
Ադրբեջանական գործակալությունը դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին՝ ստուգելու համար այն տեղեկությունները, որ Դարդանելի միջոցառումների կապակցությամբ Թուրքիա հրավիրված համաշխարհային առաջնորդների թիվը 77-ից նվազել է մինչև 30-ի՝ համաձայն թուրքական մի շարք թերթերի սյունակագիրների:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է. «Թուրքիայի ԱԳՆ-ը որևէ տեղեկություն չի տալիս այն երկրների առաջնորդների թվի ավելացման կամ նվազման մասին, որոնք ապրիլի 24-ին մասնակցելու են Դարդանելի միջոցառմանը:
Տվյալ տեղեկատվությունը չի բխում ԱԳՆ-ից, հետևաբար դա ոչ այլ ինչ է, եթե ոչ դատարկ բամբասանք: Միջոցառմանը նախապատրաստվելն ընթանում է պլանին համաձայն»: Դարդանելի միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: