Իրանը կարող է օգտվել Հայաստանից և իր արտադրանքը արտահանել ԵՏՄ երկրներ. Գագիկ Մակարյանը՝ Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին
Մոտակա ժամանակներս Իրանի վրայից, հնարավոր է՝ փուլ առ փուլ պատժամիջոցները հանվեն: Լոզանում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շրջանակում, ըստ որի՝ Թեհրանը 2/3-ով կկրճատի ուրանի հարստացումը: Սա տարածաշրջանի և Հայաստանի համար նոր իրավիճակ է ենթադրում:
Համագործակցության ի՞նչ նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանին՝ Իրանի իրավիճակի փոփոխությունը։ Այս հարցի շուրջ 168.am-ը զրուցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
«Իրանի տնտեսությունը թույլ տնտեսություն չի: Այնտեղ զարգացած երկու բլոկ կա՝ ուժեղ հանքարդյունաբերություն, պղնձի արտադրություն, ցեմենտի արտադրություն, քիմիական գործարաններ և տեխնոլոգիական գործարաններ։ Թվում է, թե ճնշումների տակ է եղել այս երկիրը, սակայն եվրոպական տեխնոլոգիաներով մի շարք գործարաններ ունի»,- տեղեկացրեց Գ. Մակարյանը:
Նրա խոսքով՝ էմբարգոների պատճառով Իրանը չէր կարողանում արտահանում անել և ներմուծման համար իր մաքսատուրքերը բարձրացրեց, որպեսզի իր տնտեսությունը պաշտպանի։ Երկրի տնտեսությունը զարգանում էր փակ ցիկլով, ինքն արտադրում էր և հենց իր շուկայում իրացնում. «Այնքան շատ էր արտադրող ապրանքների քանակը, որ որոշ ապրանքներ կիլոգրամով էին որոշվում, որովհետև չէին իրացվում ամբողջապես, օրինակ՝ շարժիչները, և այլն»:
ԳՄ նախագահի խոսքով՝ այս նոր իրավիճակում Թուրքիան կխթանի իր արտահանումը ոչ միայն՝ նավթի և գազի, այլև՝ արդյունաբերական ապրանքների մասով։ Ընդ որում, Իրանն ավելի հզոր է հանքահումքային արդյունաբերությամբ, ուղղակի Թուրքիան առաջ է անցել տեխնոլոգիաների, եվրոպական երկրներին մոտ լինելու պատճառով:
Այն, ինչ Հայաստանը կարող էր արտահանել իրանական շուկա՝ կաբել, շարժիչներ, քիմիական նյութեր, ըստ մեր զրուցակցի՝ Իրանում արդեն այս ապրանքատեսակների մասով ուժեղ արտադրություն կա. «Հայաստանն ունի ինժեներական միտք, ինտելեկտ, Իրանի հետ համատեղ արտադրություններ կարող են լինել, որտեղ կարող են օգտագործվել մեր ինտելեկտուալ կարողությունները: Հանքահումքային ռեսուրսներ չենք կարող արտահանել, քանի որ այդ ոլորտն Իրանում բավականաչափ զարգացած է։ Ալկոհոլային խմիչքներ չենք կարող արտահանել՝ հաշվի անելով այս հարցում երկրի բարոյական նորմերը, պահածոների արտադրություն կա։ Հետևաբար՝ մեր համագործակցությունը պետք է զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ռեսուրսների շուրջ: Երկրորդը՝ Իրանն իր ընկերությունների մի մասը կարող է այստեղ զարգացնել և օգտվել Եվրասիական տնտեսական միության շուկայից: Մենք ժամանակին կորցրեցինք պահը, որ պարսկական համատեղ ընկերություն ստեղծվի Հայաստանում, և որպես կամուրջ՝ արտահանվի Եվրոպա»:
Հետագա համագործակցության հետ կապված` Գ. Մակարյանը նշեց, որ Իրանի քաղաքացիները փակ մտածելակերպով մարդիկ են, նրանք շուկայական հարաբերությունների մեջ փակ են:
«Հայերը պահել են եվրոպական շուկայի հետ հարաբերությունները, իսկ իրանցիներն այն կորցրել են։ Համատեղ ջանքերով նոր շուկաներ կարելի է գտնել, հատկապես՝ ցեմենտի հետ կապված, բացի դրանից, Իրանն իր վերջնական պրոդուկտը կարող է Հայաստանից արտահանել ԵՏՄ երկրներ: Իրանն ունի ընդհանուր արդյունաբերություն, որը որակական առումով հարմար կարող է լինել ԵՏՄ-ի շուկայի համար, Հայաստանն էլ կարող է օգտագործել Իրանի հումքային բազան և հանքարդյունաբերության հետ կապված հնարավորությունները»,- պարզաբանեց նա:
Առաջին փոփոխությունը, որ կունենանք տնտեսության մեջ, ըստ Գ. Մակարյանի, իրանցի զբոսաշրջիկների մուտքը կլինի Հայաստան: Այժմ նույնպես իրանցիները զբոսաշրջության նպատակով այցելում են ՀՀ, սակայն, երբ պատժամիջոցները հանվեն, Գ. Մակարյանի համոզմամբ՝ նրանց հոսքը կավելանա։ Պատճառն այն է, որ հիմա Իրանում դոլարի դեֆիցիտ կա, արտարժույթի վաճառքները սահմանափակ են, ինչը թույլ չի տալիս իրանցիներին այցելել այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։