Արծվիկ Մինասյանն առաջարկում է ստեղծել ներդրումների պաշտպանության կոմիտե
ԱԺ ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանն առաջարկում է ստեղծել ներդրումների պաշտպանության կոմիտե:
«Տնտեսության զարգացման համար շատ կարևոր են ներդրումները: Ներդրումների պաշտպանության կոմիտեի ամենօրա գործառույթը պետք է լինի ներդրումների պաշտպանությունը՝ ներդրողներին զերծ պահելով որևէ բյուրոկրատական քաշքշուկից: Հրատապ կարգով ռեֆորմ պետք է կատարվի սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում, և սեփականության իրավունքը պետք է պաշտպանվի՝ անկախ նրանից՝ անձը ՀՀ-ո՞ւմ է, թե՞ ոչ, անձը որևէ քաղաքական ուժի կամ որևէ հանրային գործչի մոտ ա՞նձ է, թե՞ ոչ: Սա սկզբունքային նշանակություն ունի, որ վստահության մթնոլորտ ձևավորվի: Զուգահեռ նաև թափանցիկ բյուջետային քաղաքականություն պետք է իրականացվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա.Մինասյանը:
Մեր դիտարկմանը, որ ՀՀ-ում սեփականության պաշտպանվածության ու ներդրումների առումով իրավիճակը վատթարանում է, անգամ Սփյուռքի մեր հայրենակիցները բոորովին չեն ձգտում այստեղ ներդրում անել, ինչքանո՞վ արդյունավետ կլինի կոմիտեի աշխատանքը, Ա.Մինասյանը պատասխանեց, որ կոմիտեն պետք է յուրաքանչյուր ներդրողի ահազանգի հետևից գնա. խոսքը գնում է բյուրակրոտական քաշքշուկների, հարկային, մաքսային գործերի, սեփականության իրավունքի խնդիրների մասին. «Ոչ միայն սփյուռքի, այլ տեղի քաղաքացիներից էլ բազմաթիվ դժգոհություններ կան նշված հարցերի վերաբերյալ: Այս կոմիտեն որպես հակաճգնաժամային մարմին է լինելու: Մինչ այս մենք ունեցել ենք տարբեր գերատեսչությունների մեջ մտնող լիազորությունների հետ՝ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՏՄՊՊՀ-ի, բայց կոնկրետ նպատակային և հրապարակային գործող մարմնի մասին է խոսքը, որը պետք է ձեռքը վերցնի լծակն ու առաջին մի երկու տարում ցույց տա, որ ինքն այս երկրում կարող է իրավիճակ փոխել, ներդրողի իրավունքը պաշտպանել: Սա մենք չունենք: Միշտ կարելի է պատճառաբանել, թե մեկ երկու դեպք կան և ներդրողները վստահություն չունեն, բայց դրանով մենք չենք նպաստում երկրի զարգացմանը: Եթե այս կոմիտեն մի քանի դրական օրինակ ցույց տա, կարելի է մթնոլորտ փոխել երկրի ներսում»:



