Նամականիշեր. մոլորակի փողերն այստեղ են
Ֆիլատելիստները (նամականիշի կոլեկցիոներ) և նումիզմատները (մետաղադրամի կոլեկցիոներ) իրենց հավաքածուները կարող են հարստացնել Բուզանդի փողոցի վրա գտնվող հին ու նոր ու «փախած» իրերի տոնավաճառ «Վերնիսաժից»: Այս կոլորիտային վայրի դիմագիծն ապահովողների շարքում մեծ տեղ են զբաղեցնում մանրադրամ ու նամականիշ վաճառողները: Տեսականու հարստությունից կարող է առաջանալ հաճելի գլխապտույտ: Տարբեր երկրների թագավորների, նախագահների, զինանշանների ու պատմական իրադարձությունների պատկերներով զարդարված բրոնզե, պղնձե ու արույրից պատրաստված մետաղադրամների գինը պայմանավորված է ոչ այնքան` հնությամբ, որքան՝ դրանց հազվադեպությամբ:
Մետաղադրամի վաճառքով զբաղվողներից մեկն ասաց. «Հարյուր տարվա կոպեկը կարող է արժենալ 1500-2000 դրամ, իսկ 1970-ականների կոպեկը կարող ենք վաճառել 95.000 դրամով»:
Հազվադեպությամբ գնի բարձրացումը տարածվում է նաև նամականիշերի վրա: Աշխարհի ամենաթանկ ու հազվագյուտ նամականիշերից մեկի՝ շվեդական «Three Skilling Yellow»-ի գինն է 2.3 միլիոն դոլար:
Այս նամականիշի հազվադեպության պատճառը տպագրական սխալն է. մի քանիսի տպագրության ժամանակ կանաչ ներկի փոխարեն՝ սխալմամբ օգտագործվել է դեղին ներկ, որն էլ ապահովել է նամականիշի արժեքավորությունը: Նամականիշի վրա պատկերված է Շվեդիայի զինանշանը: Այս նամականիշի օրիգինալ տարբերակը կանաչ գույնի է:
Հայաստանում նման նամականիշեր չկան, բայց փոխարենը՝ կան ոչ պակաս արժեքավոր ու հայտնի նամականիշեր: Վերջիններից են 1960 թվականին անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերը խորհրդանշող Խորհրդային նամականիշերը: Ի դեպ, այս խաղերում ոսկի մեդալների թվով առաջին տեղում է եղել Խորհրդային Միությունը, որի կազմում հայ մարզիկ չի եղել: «Վերնիսաժում» կարող եք գտնել 5 մասից բաղկացած այդ նամականիշերը:
Վերջինիս գինն աշխարհում հասնում է 30 000 դրամի, բայց «Վերնիսաժում» այն, մեղմ ասած, էժան է: Որոշ վաճառականներ պատրաստ են անգամ 1000 դրամով վաճառել այդ արժեքավոր նամականիշի շարքը, միայն թե՝ մի բան վաճառեն: Վաճառականներից մեկի մոտ նամականշային այդ շարքը հայտնվել էր դպրոցական տարիներից, ու այժմ նա իր սեփական հավաքածուն հանել է վաճառքի՝ օրվա ապրուստը հոգալու նպատակով:
Օլիմպիական թեման խորհրդանշող նամականիշերի շարքում կան նաև 1976 թվականի լեհական և կուբայական նամականիշեր:
Նամականիշի որակի մասին խոսում է, այսպես ասած՝ «ատամիկների» վիճակը: Եթե դրանք վնասված են, նամականիշի գինը միանգամից կարող է ընկնել:
«Վերնիսաժում» կարող եք գտնել չեխական, գերմանական , ֆրանսիական, ռումինական, բուլղարական, լեհական նամականիշեր, ինչպես նաև՝ Բուրունդիի Հանրապետությունից, Սոմալիից ու Կամերունից Հայաստան «ժամանած» նամականիշեր:
Իհարկե, իրենց քանակով անգերազանցելի են խորհրդային ժամանակաշրջանի նամականիշերը: Գնորդների թվով էլ ռուս զբոսաշրջիկներին հավասարը չկա:
Մետաղադրամի գնորդների մեջ էլ վերջիններս կրկին առաջին հորիզոնականում են: «Վերնիսաժյան» մետաղադրամները բազմազգ են ու համերաշխ: Կողք կողքի կարելի է տեսնել գերմանական, իսպանական, կանադական, վրացական, դանիական ու ռուսական մետաղադրամներ: Եվ, ինչպես նշեց սիրած զբաղմունքն ապրուստի միջոցի վերածած մետաղադրամ վաճառող մի պարոն. «Մոլորակի փողերն այստեղ են»: