«ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հարցում անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի ակտիվ դերակատարությունը»

«168 Ժամի» զրուցակիցն է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայում` ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան։

– Պարոն Բրայզա, ուկրաինական ճգնաժամին զուգահեռ` նախորդ տարվա ամառվանից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտել է շատ ավելի վտանգավոր փուլ, քան անցած երկու տասնամյակներն էին։ Ի՞նչ գործոններով եք Դուք պայմանավորում հակամարտության գոտում լարվածության աննախադեպ աճը։

– Անկեղծ ասեմ, սա այն հարցն է, որը ես ևս բազմիցս տվել եմ ինքս ինձ։ Ենթադրում եմ, որ լարվածության հիմքում մի քանի պատճառներ կան։ Առաջինը` հակամարտության կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, անհամբեր են, քանի որ մեծ ակտիվություն չկա Մինսկի խմբում։ Եթե նրանք կորցնեն դեմքը և կարողությունը` աշխատել ակտիվորեն, ձևավորել առաջընթաց գործընթացում, ապա հակամարտության գոտում առաջացած լարվածությունն էլ ավելի կմեծանա, թեև այսօր ևս, համաձայն եմ, որ լարվածության մակարդակը բարձր է։ Կարծում եմ նաև, որ տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված են լարվածությամբ, ինչպես, օրինակ, Ուկրաինայում։ Ուկրաինական իրադարձությունները, ՌԴ ռազմական գործողություններն Ուկրաինայում, ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժումը, Ղրիմի բռնակցումը չեն նպաստում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նաև Ռուսաստանի հարևան գոտիներում։

– Մի շարք փորձագետներ դիտարկելով հակամարտության գոտում լարվածության բարձր մակարդակը` պնդում են, որ միգուցե առաջանա այնպիսի իրավիճակ, երբ պատահականորեն պատերազմ սկսվի, այսինքն` կողմերը ստիպված լինեն դիմել լայնածավալ ռազմական գործողությունների` առանց նախապես դա ծրագրելու։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման սցենարին։

– Ես նման կանխատեսում անող մարդկանց կհակադրվեմ, թեև միգուցե ես նրանցով նաև հիանամ։ Բայց ես չեմ կարծում, որ պատահական պատերազմի հավանականությունը բարձր է։ Պատերազմ հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը որոշեն, որ պետք է լինի պատերազմ։ Ես չեմ հավատում, որ հակամարտող կողմերն ունեն նման որոշում։ Երկու կողմերն էլ գիտակցում են, որ պատերազմի գինն ավելի բարձր է և շատ ավելի անկանխատեսելի, քան շարունակական բանակցությունները։ Նրանք վստահորեն կցանկանան տեսնել ավելի ինտենսիվ բանակցություններ։ Ուստի շատ կարևոր է, որ քաղաքական ղեկավարները, մասնավորապես` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, հստակեցնեն, որ ցանկանում են լուրջ ջանքեր ներդնել` խաղաղ բանակցային գործընթացը վերականգնելու համար։

– Բայց այստեղ կա նաև Ռուսաստանի գործոնը, որը, ըստ մի շարք փորձագետների, այդ թվում և` Ձեր ակնարկների, ապակայունացնող է, քանի որ հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելով` Ռուսաստանն ուղղակիորեն խթանում է այդ զենքի կիրառությունը հակամարտության գոտում` ոչ միայն կողմերին իր ազդեցության գոտում պահելու, այլև` Արևմուտքին «պատժելու» նպատակով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տարատեսակ ինտեգրացիոն բնույթի պայմանագրեր վավերացնելու միջոցով։ Ինչպե՞ս պետք է Արևմուտքն արձագանքի, ըստ Ձեզ` տարածաշրջանում Ռուսաստանի հարուցած անկայունությանը, ինչպե՞ս պետք է փորձի չեզոքացնել սպառնալիքները։

– Իմ կարծիքով` Արևմուտքը երեք բան կարող է անել` մեղմելու համար հակամարտություններ ստեղծելու, հրահրելու` Ռուսաստանի կարողությունը։ Առաջինը` Արևմուտքը պետք է շատ ավելի կոշտ գտնվի Ռուսաստանի հետ հարաբերություններում ուկրաինական ճգնաժամի շուրջ, պետք է հստակեցնի` Ուկրաինայում պատերազմ սկսել է Ռուսաստանը, Ուկրաինայում պատերազմը շարունակում է Ռուսաստանը, Դոնբասում, Ղրիմում ևս Ռուսաստանն է լարվածություն առաջացնում, ռուսաստանյան ռազմական և այլ ծառայությունների ղեկավարներն են առաջնորդում այնտեղ շարունակվող պատերազմը։

Այն, ինչ Արևմուտքը պետք է անի, հետևյալն է` պետք է նաև հստակեցնի, որ բացարձակապես մերժում է ցանկացած սուտ, որը ներդրվում է ռուսական ղեկավարների կողմից։ Երկրորդը` Արևմուտքը պետք է ընդլայնի, ուժեղացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և պարզ հասկացնի Ռուսաստանին, թե ինչպիսին են լինելու կորուստները Ռուսաստանի և նրանց համար, ովքեր պատասխանատու են պատերազմի համար, ինչպես են այդ կորուստները մեծանալու, այսինքն` նկատի ունեմ նաև, որ պատժամիջոցները պետք է թիրախային, անձնավորված լինեն ՌԴ այն ղեկավարների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ուկրաինական պատերազմի համար։

Երրորդ` Արևմուտքը կարող է մեղմացնել նաև Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում՝ միավորելով Մինսկի խմբի ջանքերը, ունենալով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կարծիքը. «Մենք մտահոգված ենք Հարավային Կովկասում խաղաղությամբ և մենք կգործադրենք արտառոց և ոչ սովորական միջոցներ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։

– Այսինքն` ուկրաինական ճգնաժամի շուրջ հնարավոր փոխզիջումը կարող է դրականորեն անդրադառնալ նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, այդ թվում` ԼՂ հակամարտության վրա։

– Ես չգիտեմ։ Այն, ինչ ես կարող եմ ասել, հետևյալն է, որ Ռուսաստանի ներխուժման երկարաձգումը, որը Ռուսաստանի համար ցածր կորուստներով է ուղեկցվում, այլ վտանգավոր միտումների կարող է հանգեցնել։ Վտանգ կա, որ այն նույն մարդիկ, ովքեր համոզել էին նախագահ Պուտինին` ագրեսիվ մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ, ևս մեկ անգամ կհամոզեն նրան` չլուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ավելին, բարձր պահել ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածության մակարդակը։ Եթե ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, ապա ես չեմ կարող ասել, որ դա առաջընթացի կհանգեցնի ԼՂ հակամարտության գոտում, բայց ես գիտեմ, որ եթե ուկրաինական ճգնաժամը չկարգավորվի, ապա ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի հասնել հնարավոր չէ։

– Պարոն Բրայզա, առաջընթաց հնարավոր չէ նաև այն պատճառով, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիրներ` հայ-թուրքական փակ սահման, լարված իրավիճակ ԼՂ հակամարտության գոտում, որոնց պատճառով էլ, ըստ մի շարք պաշտոնյաների, Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ, ըստ նրանց, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այնինչ այդ երաշխիքները երբեք չեն գործում, ավելին, այս խաղաքարտը, ըստ մի շարք փորձագետների, Ռուսաստանն օգտագործում է իր իսկ ռազմավարական դաշնակցի դեմ։ Ինչպե՞ս Հայաստանը կարող է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից։

– Հայաստանը բավականին բարդ իրավիճակում է։ Երբ ես դեռևս ԱՄՆ կառավարությունում էի աշխատում և պատասխանատու էի Հարավկովկասյան երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների համար, բազում այցելություններ էի կատարում Հայաստան` ոչ որպես ՄԽ համանախագահ, այլ` որպես ամերիկացի պաշտոնյա։ Ամեն անգամ, երբ ես գալիս էի, մեծ ջանքեր էի ներդնում ՀՀ կառավարության իմ հայաստանյան գործընկերներին համոզելու համար` չդառնալ այդքան կախյալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, այլ ոլորտներում` ևս, բայց հիմնականում` էներգետիկ։

Ռուսաստանը չափազանց փորձառու էր Հայաստանին բավականին դժվարին կախվածության մեջ գցելու հարցում։ Ձեր հարցին իմ պարզ պատասխանը կլիներ հետևյալը` լավ կլիներ, որ Հայաստանը չաներ այն, ինչ արդեն արել է` դառնալով այդքան կախյալ Ռուսաստանից։ Բայց իրավիճակի մյուս ելքը ես տեսնում եմ, և այն հետևյալն է ու, ի դեպ, հեշտ չէ։ Պետք է հավելյալ առաջընթաց լինի Հարավային Կովկասում առկա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է առաջընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը տեղի ունենա։

Ես չեմ ասում, որ այս երկու գործընթացները կարող են իրար ետևից տեղի ունենալ կամ զուգահեռաբար։ Պարզապես, իմ համոզմամբ, մի գործընթացում առաջընթացը կհանգեցնի առաջընթացի` մյուսում ևս։ Այս երկու գործընթացները պետք է առաջ մղվեն։ Երբ սա տեղի ունենա, իրականություն կդառնա նաև Հայաստանի ապաշրջափակումը, ինչը որոշիչ գործոն կդառնա։ Սակայն, որպեսզի այս ամենը տեղի ունենա, ԱՄՆ նախագահը պետք է հստակեցնի, որ հավատում է` ինքն է գլխավորը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի հարցում։ Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի ակտիվ դերակատարությունը։

Տեսանյութեր

Լրահոս