«ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք լավ հարաբերություններ, բայց դա չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին»

Մեր զրուցակիցն է ՀՀՇ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը

– Պարոն Արզումանյան, Երևանում եվրոպական շաբաթին հաջորդեց ռուսականը։ Դուք կապ տեսնո՞ւմ եք, որ «Եվրանեսթի» և եվրոպական այլ պատվիրակներից հետո Երևանում էին ռուսական տարբեր պատվիրակություններ։

– Ոչ, եղել է պլանային հանդիպում մեր հանձնաժողովի և ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի մեջ, և մեկը մյուսի հետ կապ լինելու հարց չկա, այս հանդիպումը ծրագրված է եղել դեռ անցած տարի։ Հանձնաժողովների համատեղ աշխատանք է, որի արդյունքով հանձնաժողովների նախագահները ստորագրում են համատեղ հայտարարություն տարբեր ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Նիստի ժամանակ, ցավոք, մեր ընդդիմադիր գործիչներից մի քանիսը բացակայում էին, և շատ քիչ խոսվեց առկա խնդիրների մասին, որովհետև իշխանության ներկայացուցիչները, անշուշտ, խոսում են հավերժ բարեկամության և հավերժ հավատարմության մասին, իսկ ես բարձրաձայնել եմ Պերմյակովին հայկական կողմին փոխանցման խնդիրը, հարձակողական զենք-զինամթերքի վաճառքն Ադրբեջանին և այլ խնդիրներ, որ գոյություն ունեն մեր հարաբերություններում։ Լավ կլինի, որ այդ թեմայով շատ խոսվի, և տեղյակ լինեն, որ այնքան էլ միահամուռ չի հայկական քաղաքական դաշտը` մեր հարաբերությունների գնահատականների առումով։

– ՀՀ-ում էր նաև ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով կրկին հայտարարեց, թե ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին միայն առևտրային շահի տիրույթում է, ու ասաց, թե այդ վաճառքից ստացված գումարն օգտագործվում է բարի նպատակներով, այդ թվում` ԵՏՄ-ի շրջանակներում։ Սա ինչպե՞ս կգնահատեք։

– Նախ` ես նորից ուզում եմ կրկնել, որ ինձ համար անընդունելի է նման որևէ բացառություն, որ սա զուտ կոմերցիոն գործարք է։ Եթե Ռուսաստանն այդ 1-2 մլրդ-ի հույսին է մնացել, ուրեմն շատ լուրջ խնդիրներ կան։ Ռուսաստանն օրական մի քանի միլիարդ կորցնում է Ուկրաինայում պատերազմին` անջատողականներին աջակցելով։ Կարելի էր ավելի քիչ կորցնել և Ադրբեջանին զենք չմատակարարել։ Չեմ գտնում, որ հնարավոր է լինել ռազմավարական բարեկամ, լինել մեկ ռազմական դաշինքում, որով պարտավորված ես քո բարեկամին ագրեսիայի դեպքում աջակցել ու պաշտպանել և զենք վաճառել այն երկրին, որի կողմից էլ սպասվում է այդ ագրեսիան։ Մեր դիրքերը և սահմանները, Լեռնային Ղարաբաղի դիրքերն ու սահմանները ռմբակոծվում են ռուսական զինատեսակներով, և դա մեզ համար մտահոգիչ է, և այդ մտահոգությունը մշտապես պետք է հայտնենք, մինչև մեր ռազմավարական գործընկերները հասկանան, որ այն չնչին կոմերցիոն շահույթը, որ նրանք ստանում են, կարող է շատ մեծ քաղաքական կորուստների բերել։

– Միաժամանակ Նարիշկինը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում կաջակցեն Հայաստանին անվտանգության հարցերում։ Այսինքն` աբսուրդային իրավիճակ չի՞ ստեղծվում, որ նախ` զենքը վաճառում են, հավաստիացնում, որ անհրաժեշտության դեպքում կաջակցեն, բայց տարվա սկզբից մինչ հիմա սահմանին լարված իրավիճակ է, բազմաթիվ զոհեր ունենք, էլ ե՞րբ պետք է աջակցեն։

– Ես լիովին համամիտ եմ։ Ի՞նչ ասել է` եթե պետք լինի։ Էլ ե՞րբ է պետք լինելու։ Այս պահի դրությամբ, արդեն մեկ տարի է, աննախադեպ ինտենսիվությամբ ռմբակոծում են մեր սահմանները, ավելի շատ զոհ ենք տվել մեկ տարում, քան մի քանի տարիների ընթացքում։ Այսինքն` իրենք ի՞նչ են պատկերացնում` ադրբեջանցիները գրավեն Հայաստանը, և ա՞յդ ժամանակ կարող է կարիք լինի մեզ պաշտպանելու։ Եթե Ռուսաստանը երաշխավորում է մեր անվտանգությունը, ապա գոնե հայտարարություններ պետք է արած լիներ` իր մյուս բարեկամ երկրից պահանջելով դադարեցնել այս ագրեսիվ քաղաքականությունը և դադարեցնել զենքի մատակարարումը։

– Գյումրիի հետ կապված ՌԴ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարեց, որ ամեն դեպքում դատը լինելու է ռուսական ռազմաբազայում, և գուցե դատավճիռը բաց հրապարակվի։ Ի՞նչ եք կարծում` դեռ հնարավո՞ր է իրավիճակը փոխել։

– Ռուսաստանն ունի միջազգայնորեն ստանձնած պարտավորություն, որի համաձայն` Պերմյակովը պետք է հանձնվի հայ իրավապահներին։ Վերջ։ Այստեղ որևէ այլ լուծում ինձ համար գոյություն չունի։ Այն, որ ասում են` բաց կլինի դատավճիռը, մեզ պետք չեն այդ նվերները։ Մեզ պետք է, որ հարգվի օրենքի տառն ու ոգին, և Պերմյակովը վերադարձվի մեզ։ Թե մենք ո՞նց կդատենք, ի՞նչ կանենք, սա մեր օրենքներն ու Սահմանադրությունն է, որևէ բան որևէ մեկից այստեղ չենք սպասում։ Սա մեզ որևէ մեկը լավություն չի անում։ Ասել` բաց է լինելու, փակ է լինելուգ Մեր տարածքում չի կարող այլ երկրի դատարան գործել։ Սա ընդհանրապես անհասկանալի և անընդունելի է։

– Ինչո՞վ եք բացատրում իրենց անդրդվելիությունը։

– Դա իրենց խնդիրն է, չեմ բացատրում։

– Սերժ Սարգսյանի Չինաստան այցի հետ կապված տեղեկություն տարածվեց, որ այնտեղ նաև հարց է բարձրացվել ՀՀ-ին զենքի վաճառքի մասին։ Ըստ Ձեզ` եթե նախկինում ՀՀ-ն իր ռազմավարական գործընկեր ՌԴ-ից էր հիմնականում զենք ձեռք բերում, սա ինչո՞վ է պայմանավորված։

– Նման պետական այցերը պլանավորվում են տարիներով, այնպես չէ, որ փաստի առաջ ենք կանգնել, ու նորություն էր։ Վստահ եմ, որ այցի պլանավորման փուլում նաև քննարկվում է այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ պետք է քննարկումներ լինեն։ Հայաստանի Հանրապետությունն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ՀՀ անկախության հռչակման պահից սկսած` ունեցել են շատ սերտ ռազմական համագործակցություն, և, եթե այդ համագործակցության շրջանակներում նոր քննարկումներ են եղել, դա միայն պետք է ողջունել և ասել, որ նոր ոչինչ չկա, դա միայն շարունակական զարգացումն է մեր երկու երկրների ռազմատեխնիկական հարաբերությունների։

– Ռուս որոշ վերլուծաբաններ դրական էին գնահատել, որ ՀՀ-ն, Եվրոպայից բացի, փորձում է հարաբերությունները զարգացնել նաև Արևելքի հետ։ Ձեր կարծիքով` Հայաստանն ինչքանո՞վ է կարևոր դերակատարում ձեռք բերում և կարո՞ղ է հարաբերությունները համաչափ զարգացնել տարբեր ուղղություններով, արդյոք ՌԴ-ն արգելք չի՞ հանդիսանա։

– Ցավոք սրտի, մեր տկարության հետևանքով` այնպիսի հարաբերություններ են ձևավորվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, որ դրանք չի կարելի գործընկերային համարել։ Դրանք վասալի և տիրոջ հարաբերություններ են, և թելադրանք կա։ Պետք է վերջ տալ դրան, բայց, ցավոք սրտի, օրվա իշխանությունները դեռևս չեն կարողանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, պետք է քաջ գիտակցել, որ ՀՀ-ն երբևէ իր արտաքին քաղաքականության մեջ չի առաջնորդվել որևէ մի ուղղությամբ հարաբերություն զարգացնելու մոտեցմամբ։

Մենք, անշուշտ, շատ կարևորում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, որովհետև դա ռազմավարական ուղղություն է, որովհետև մենք այդ տիպի ժողովրդավարություն ենք ուզեցել կառուցել, երբ հռչակել ենք մեր անկախությունը։ Դրա հետ մեկտեղ` մենք խորացրել և զարգացրել ենք մեր հարաբերությունները մեր շատ կարևոր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ և ունենք փայլուն քաղաքական հարաբերություններ և պետք է էլ ավելի խորացնենք, պետք է դրանց տրվի շատ ավելի խորը տնտեսական բաղադրիչ, ինչին ժամանակին խոչընդոտել է ՌԴ-ն` գազի իր շահերը սպասարկելու առումով։ Բայց դրանք ժամանակավոր հարցեր են, կարելի է վերանայել, և այլն։

Չինաստանի հետ էլ մենք միշտ ունեցել ենք շատ նորմալ հարաբերություններ, և մեր բոլոր իշխանությունները շատ կարևորել են Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը։ Ավելին` մենք պետք է նաև Ճապոնիայի հետ լավ հարաբերություններ ունենանք, նաև Հնդկաստանի հետ, որ ավանդաբար ունենք։ Այնպես որ, սա շարունակությունն է այն բազմավեկտոր քաղաքականության, որ ՀՀ-ի նման փոքր երկրները, լինելով շրջապատված նման հարևաններով, պարտադրված են իրականացնել։ Անշուշտ, այստեղ մեծ կարևորություն ունեն նաև ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները։ ՌԴ-ի հետ մենք միշտ պետք է ունենանք շատ լավ հարաբերություններ, բայց դա չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին։ Մենք ուզում ենք տեսնել ուժեղ Ռուսաստան, որի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և որոնք չեն խոչընդոտում մեր հարաբերությունների զարգացմանն այլ ուղղություններով։

– «Վասալային» բնորոշումն օգտագործեցիք, վերջին շրջանում շատ է խոսվում Ռիգայում ԵՄ-ի հետ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի մասին, նախ` ի՞նչ փաստաթուղթ կարելի է ակնկալել, և արդյոք վտանգ չե՞ք տեսնում, որ Ռուսաստանը կարող է կրկին խոչընդոտել դրան։

– Ի՞նչ վտանգ։ Վտանգ տեսնելու դեպքում պետք է Հայաստանը փակենք, տանք Ռուսաստանին։ Հասկացանք, որ ԵՏՄ ենք մտել, բայց մենք մեր շահերով պետք է առաջնորդվենք։ Մինչև Ռիգա դժվար լինի փաստաթուղթ, որը Ռիգայում հնարավոր լինի ստորագրել` այն տեխնիկական պարզ պատճառով, որ մանդատ պետք է տրվի անդամ բոլոր երկրներին, որը ժամանակատար պրոցես է, և կարող է զուտ տեխնիկապես չհասցնեն։ Այն, որ Ռիգայում ինչ-որ բան կհռչակվի, կամ հուշագիր կստորագրվի, դա փաստ է։

Բայց ամբողջական փաթեթը` տնտեսական բաղադրիչով, ֆիզիկապես հնարավոր չի հասցնել և ստանալ մանդատ, ուղղակի չի լինի։ Բայց բանակցությունները, այնուամենայնիվ գնում են, և բաղդատվում է տնտեսական համագործակցության այն մասը, որը կարող է մտնել հակասության մեջ ԵՏՄ-ի առջև ստանձնած մեր պարտավորությունների հետ։ Վստահ եմ, որ այնտեղ կան շատ ոլորտներ, որոնք չեն հակասում, և որոնցով մենք կստորագրենք բավականին համապարփակ մի փաստաթուղթ։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ ոչ միայն Եվրամիությունը, այլ նաև ԵՏՄ-ն և Ռուսաստանն առաջնորդվում են, առաջին հերթին, Առևտրի միջազգային կազմակերպության առջև ստանձնած որոշակի պարտավորություններով։ Ինչքան էլ մեկը մյուսին որոշ բաներ հակասեն, դրանք չպետք է հակասեն ԱՀԿ-ի հետ, որի անդամ ենք թե՛ մենք, թե՛ ՌԴ-ն։ Այդ առումով ես խոչընդոտներ չեմ տեսնում, և Ռուսաստանն էլ այդտեղ առանձնապես, չեմ կարծում, ինչ-որ բան անի։ ՌԴ-ն մեզնից ի՞նչ էր ակնկալում` որ մտնենք ԵՏՄ։ Պարտադրեց` մտանք։ Ավելին ի՞նչ պետք է անեն։ Հիմա խարակիրի չենք անելու մեզ։

– Զուտ գուցե հակադրվելու համար Արևմուտքին, այսպես ասած` որպես քմահաճույք։

– ՌԴ-ն ինքը դատապարտված է Արևմուտքի հետ կարգավորել իր հարաբերությունները և լավացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Թե որքան ժամանակ դա կպահանջի` չեմ կարող ասել, բայց, ի վերջո, որ ՌԴ-ն էլ է բարելավելու հարաբերություններն Արևմուտքի հետ, դա պարզ է, ու հիմնավորումը զուտ Ռուսաստանի գոյատևումն է։ Այնպես որ, պետք է աշխատել, ՀՀ իշխանությունների կարևորագույն ֆունկցիան պետք է լինի` թե՛ եվրոպացի գործընկերներին ներկայացնել իրողությունը, թե՛ ռուս գործընկերներին բացատրել այս ուղղության կարևորությունը։ Դա հնարավոր է, պետք է ուղղակի աշխատել այդ ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս