Վրաստանը Հայաստանի դեմ ռազմական ավանտյուրաներում չի ներքաշվի.  Սոսո Ցինցաձե

Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այսօր պատրաստվում են ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր  ստորագրել: «Եռակողմ համաձայնագիրը, որ կստորագրվի ապրիլի 2-ին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև, կհստակեցնի մեր երկրների միջև ծավալված համագործակցության հիմնական ուղիները», – նշել է երեկ Թբիլիսի ժամանած  Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Չնայած նախորդ տարի Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի վստահեցումներին, թե այս ձևաչափի նախաձեռնությունը Վրաստանինն է, և համագործակցությունն ուղղված չի լինելու երրորդ երկրի դեմ, Զաքիր Հասանովը երեկ ասել է, որ անպայմանորեն խոսելու է  տարածաշրջանային անվտանգության մասին՝ ԼՂ հակամարտության համատեքստում: «Մենք քննարկելու ենք այն հարցը, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում իր հարևանների և ողջ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է Զաքիր Հասանովը:

Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների,  դեռևս չի հստակեցրել, թե հատկապես ինչի շուրջ են համաձայնություն ձեռք բերել երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներն անցյալ տարի օգոստոսին կայացած հանդիպման ժամանակ:  Թեև նախորդ տարի օգոստոսի 19-ին կայացած եռակողմ հանդիպման  ժամանակ երեք երկրների պաշտպանության նախարարները քննարկել էին ռազմական դրության ժամանակ կոմունիկացիոն ենթակառուցվածքների պաշտպանությանն առնչվող հարցեր, ինչպես նավթամուղերի, գազամուղերի, երկաթուղու, կապի և ռազմավարական կարևորություն ունեցող այլ օբյեկտների պաշտպանությունը: «Այս հանդիպումները և դրանց շրջանակներում ձևակերպվող համաձայնագրերը միտված են լինելու մեր հետագա քայլերի ծրագրմանը, մասնավորապես՝ թե ինչպես պետք է մեր զինված ուժերը գործեն ճգնաժամային իրավիճակներում` պաշտպանելու համար մեր կոմունիկացիոն ենթակառուցվածքները, մեր նավթի և գազի խողովակաշարերը, երկաթգիծը՝ այն դեպքում, եթե ռազմական իրավիճակը սրվի»,- ասել էր Վրաստանի ռազմական գերատեսչության նախկին  ղեկավարը:

168.am-ի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն անդրադառնալով այս համագործակցությանն ու Ադրբեջանի փորձերին՝ այն օգտագործել Հայաստանի դեմ, ասաց, թե սարսափելի երազում անգամ չի կարող պատկերացնել, որ Վրաստանը միջամտի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին: «Առաջին հերթին՝ այդ պատերազմը ես քիչ հավանական եմ համարում, բայց  վստահ եմ, որ Վրաստանը Հայաստանի դեմ ավանտյուրաների երբեք չի գնա, որպեսզի վերջնականապես չփչացնի Հայաստանի հետ հարաբերությունները: Նման բան երբեք չի լինի, ինչպես և  Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման առումով: Վրաստանը նման դեպքում պահպանելու է չեզոքություն, ինչը նկատել է Հայաստանից բազում անգամներ»,- ասաց Սոսո Ցինցաձեն՝ հավելելով, որ լավագույն դեպքում Վրաստանը կարող է նույնիսկ որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ վատագույն դեպքում` որպես  չհետաքրքրված, չշահագրգռված կողմ: Նրա վստահեցմամբ՝ Վրաստանը հետաքրքրված է, որպեսզի պատերազմ չսանձազերծվի Հարավային Կովկասում, քանի որ այն  ուղիղ կերպով  անդրադառնալու է նաև Վրաստանի վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ  Վրաստանում բնակվում են  մեծաթիվ հայեր և ադրբեջանցիներ: Ուստի Վրաստանը, նրա խոսքով, նույնիսկ ցանկության դեպքում չի կարող մի կողմի դիրքորոշումը պաշտպանել:

«Վրացական դիվանագիտությունն այլ ելք չունի, քան  բոլոր ուժերով ջանալ, որպեսզի լուրջ, լայնածավալ ռազմական բախումներ չլինեն տարածաշրջանում, աջակցել, որպեսզի խնդիրները լուծվեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով: Վրաստանն իրեն որևէ մի կողմին աջակցելու շռայլություն չի կարող թույլ տալ:  Նման համաձայնագրերը երբեք թափանցիկ չեն դառնում, չեն դառնում հանրային սեփականություն, բայց ես վստահ եմ, որ  վրացական դիվանագիտական գործիչների  խելքը կբավականացնի ավանտյուրայի մեջ չընկնելու համար»,- ասաց Ցինցաձեն: Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության  նախարարների հայտարարություններին, թե համաձայնագիրը հիմք է դնելու ՀԱՊԿ-ի ձևաչափի նման կառույցի ստեղծմանը` ասաց, որ համագործակցությունը միտված կլինի տարածաշրջանային սպառնալիքների դեմ, ինչպիսին իսլամական արմատականությունն է, ահաբեկչությունը, թմրամիջոցների տարածումը, կապերը՝ անվտանգության ոլորտում: «Այս ամենը որևէ դեպքում չպետք է դիտարկել՝ որպես դասական ռազմական ալյանս, որտեղ գրված է լինելու, որ եթե կողմերից մեկը  ենթարկվի  ռազմական ագրեսիայի կամ ներգրավվի պատերազմում, մյուսները պետք է ավտոմատ կերպով  ներգրավվեն: Ոչ, սա նման համագործակցություն չէ, և դա Վրաստանի համար նույնիսկ անթույլատրելի է: Ես հասկանում եմ այն անհանգստությունը, որը կա  հայաստանյան շրջանակներում: Ես վստահ եմ, որ երբ վերջնական հստակեցվեն ձևակերպումները, հայկական կողմի համար պարզ կդառնա, որ չկան սպառնալիքներ»,- ասաց Սոսո Ցինցաձեն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս