Պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը գլխավորել է Intelligent Robotics Lab-ը
Csl.illinois.edu-ի փոխանցմամբ՝ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը նշանակվել է համալսարանին կից նորաստեղծ Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն:
Լաբորատորիայի աշխատանքը միտված է լինելու նոր սերնդի «խելացի» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ու ռոբոտների ստեղծմանը, որոնք կարող են հեշտությամբ փոխգործակցել մարդկանց հետ: Լաբորատորիայի փոխտնօրեն է դարձել օդատիեզերական սարքաշինության գծով դոցենտ Թիմ Բրեթլը:
Լաբորատորիայի պրոֆեսորա-դասախոսական կազմում ընդգրկված է ավելի քան 10 անդամ, որոնք ներկայացնում են օդատիեզերական սարքաշինության, ինֆորմատիկայի, էլեկտրոտեխնիկայի ու հաշվողական տեխնիկայի ոլորտները: Հետազոտողներն աշխատելու են ԱԹՍ-երի ու մյուս ռոբոտների հետ կապված տեխնիկական ու սոցիալական խնդիրների լուծման վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նաիրա Հովակիմյանն աշխատում է ՆԱՍԱ-ի հետ՝ ինքնաթիռի անվտանգության կառավարման համակարգերի զարգացման վրա: Բացի այդ, հաղորդվել էր, որ հայ պրոֆեսորն աշխատում է վիրահատող ռոբոտների կատարելագործման ուղղությամբ: Նաիրա Հովակիմյանի անցած ուղուն կարելի է մանրամասնորեն ծանոթանալ այստեղ: