Հայ պրոֆեսորն աշխատում է ՆԱՍԱ-ի հետ՝ ինքնաթիռի անվտանգության կառավարման համակարգերի զարգացման վրա
Պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ) ներկայումս աշխատում է կառավարման համակարգերի բնագավառում, որոնք լայն կիրառություն են գտել ավիացիայում, նավթարդյունահանման մեջ, անեսթեզիոլոգիայում, և այլ ավտոնոմ համակարգերի ղեկավարման մեջ: Նաիրա Հովակիմյանը 23 գիտնականներից կազմված խումբ է ղեկավարում, որը մեթոդ է մշակել և փորձարկել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) (National Aeronautics and Space Administration՝ NASA) մոդելային ինքնաթիռի վրա՝ ապացուցելով, որ թռիչքի հետագիծը կարելի է ընդլայնել զանազան խափանումների դեպքում, առանց կայունությունը կորցնելու:
Իր ուսանողների և ասպիրանտների հետ Ն. Հովակիմյանը դեռևս 7 տարի առաջ սկսում է աշխատել մի նոր ուղղության վրա, որը կոչվում է L1 ադապտիվ կառավարման համակարգեր (L1 adaptive control systems): Այն թույլ է տալիս օդանավերի հսկողությունը և կառավարումը իրականացնել չվերթի ծայրահեղ անկայուն պայմանների պարագայում: Գիտնականների խմբի այդ աշխատանքը մեծ ուշադրության արժանացավ և լայն արձագանք գտավ գիտական հանրության շրջանում՝ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր երկրներում:
168.am-ի հետ զրույցում Ն. Հովակիմյանը նշեց, որ չնայած մեթոդի լայն ճանաչմանն ամբողջ աշխարհում, տեսությունից մինչև պրակտիկ ռեալիզացիա՝ գործող սարքերի մեջ երկար բյուրոկրատական ճանապարհ է պետք անցնել:
«Եվ, որպեսզի այդ ամենը լայն կիրառում գտնի, նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի մեր ստեղծած համակարգն անցնի Federal aviation administration-ի սերտիֆիկացման ծրագիրը, իսկ դա երկարատև և բավականին ծախսատար պրոցես է»,- ասաց Ն. Հովակիմյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին այդ ամենն, այդուամենայնիվ, լայն կիրառություն կգտնի ամբողջ աշխարհում:
Ըստ Ն. Հովակիմյանի՝ այսօր ողջ աշխարհում ինքնաթիռների կառավարման համակարգերն ավելի հին մեթոդներով են աշխատում, որի ռիսկերը որևէ խափանման պարագայում ավելի մեծ են, իսկ որպեսզի նոր մեթոդը կիրառություն գտնի, այն պետք է միլիոնավոր անգամ փորձարկվի, որպեսզի բացառվեն բոլոր հնարավոր ռիսկերը: Տեսական ապացույցները և վերջին 5 տարիների բացառիկ հաջող փորձարկումները դեռ բավական չեն մարդատար ինքնաթիռների սերտիֆիկացման համար:
«Նոր համակարգի արդյունքները պետք է 100 տոկոսանոց համոզիչ լինեն, որպեսզի այն լայնորեն կիրառվի, քանի որ այստեղ գործ ունենք հազարավոր մարդկանց կյանքի հետ, և այդ ամենը բավական մանրակրկիտ ապացուցման կարիք ունի: Իսկ յուրաքանչյուր նման փորձարկման գինն ահավոր թանկ է»,- ասաց Ն. Հովակիմյանը՝ նշելով, որ իրենց ստեղծած մեթոդի արդյունավետությունն ապացուցելու և փորձարկելու համար, պատահել է, իր ղեկավարած գիտնականների խումբն առավոտից երեկո, օրերով անցկացրել է թռիչքուղում՝ թռիչքային եղանակի սպասելով: «Ինչպես ասում են՝ «Մոսկվան մեկ օրում չի կառուցվել», և դա նորմալ է, մեկ օր էլ մեր ստեղծած համակարգը լայնորեն կկիրառվի: Իսկ այժմ մենք փորձում ենք այդ անվտանգության երաշխիքները պահպանել անգամ ավելի մեծ դժվարությունների դեպքում: Այսինքն՝ լայնացնել մեր փորձարկումները և դրանք իրականացնել ավելի լուրջ խափանումների դեպքում: Իսկ այդ նոր զարգացումների փորձարկումները ՆԱՍԱ-ն կսկսի արդեն 3 տարի անց»,- ասաց Ն. Հովակիմյանը՝ նշելով, որ իրենց ստեղծած համակարգը մի շարք եվրոպական երկրներում արդեն իսկ կիրառություն է գտել, Կորեայում ևս փորձարկումներ են իրականացվել:
Ն. Հովակիմյանն ասում է, որ աշխարհում ինչ-որ բան փոխելու համար պետք է ամբիցիոզ խնդիրներ ձևակերպել, աշխատել և հավատալ, որ եթե անգամ բոլոր դռները փակել են քո առջև, միևնույն է, ինչ-որ մի տեղ կարելի է գտնել պատուհան ու լույսի շող բռնել: Հաջողությունների հասած գիտնականը նշում է, որ հաջողությունն առաքելություն է և ոչ թե՝ ի վերուստ տրված մի բան, դա ավելի շատ կենսակերպի հարց է, երբ ինքդ ես ընտրում, թե ինչպես ապրել:
«Ստեղծագործական աշխատանքի մի անընդհատ պրոցես է, որն ավելի շուտ ապրելակերպի է նման, ուստի հաջողությունը ոչ թե նպատակ է, այլ այդ կենսակերպի արգասիքը: Այն պահին, երբ ասեմ, որ արդեն հասել եմ իմ նպատակներին, երևի կսկսվի մի ձանձրալի կյանք: Պետք է անընդհատ ստեղծել ու ստեղծագործել: Ճիշտ է, տարիքի հետ շատ բան է փոխվում, փոխվում է մտածելակերպը, խնդիրների մեծությունը, աշխարհայացքը, մարդու մտահորիզոնը: Ու եթե նախկինում ես թեորեմն ապացուցող զինվորն էի, ապա այսօր ես ավելի շատ միջառարկայական հետազոտությունների նախագծեր կազմող մարդ եմ»,- ասաց Ն. Հովակիմյանը՝ ավելացնելով, որ երբեմն կարոտում է այն զինվորի ստեղծագործական աշխատանքին, որը փոքրիկ գեղեցիկ խնդիր է ձևակերպում ու դրա ապացույցից հաճույք է ստանում: Մեր զրուցակիցը նշում է, որ ամեն տարիքում մարդու առաքելությունը տարբեր է լինում: «Ես այսօր ունեմ գիտաշխատողների մի խումբ՝ կազմված 23 հոգուց, ուստի իմ պարտականությունն է՝ նրանց համար հետաքրքիր խնդիրներ ձևակերպել, նրանց օգնել դառնալ լավ գիտաշխատող և կարողանալ նրանց համար ապագա ապահովել: Շատ կարևոր է, որ խմբի տարբեր անդամների առաջադրած լուծումներից ես կարողանամ մի ամբողջական մեծ պատկեր կազմել մեր խմբի իմիջն ապահովելու համար: Ես ինքնաբավ մարդ եմ ու հպարտանում եմ նրանով, որ կարողանում եմ լիարժեք վայելել այն, ինչ ինձ տրված է, և դրանով ես երջանիկ եմ՝ չնայած նրան, որ ինձ ևս շատ-շատ բաներ պակասում են: Այն դժվարին տարիներին, երբ ես մեկնեցի արտերկրներ՝ իմ կյանքի ուղին որոնելով լուսավոր երկրներում, խավարից հեռու, բառիս բուն իմաստով, ես շատ բաներ զոհաբերեցի, ինչո՞ւ չէ՝ նաև իմ անձնականը, սակայն այդ ընթացքում ձեռք բերեցի մի կենսափորձ, որն ուրիշը չունի: Պետք է պարզապես վայելել այն ամենը, ինչ ունես՝ լիարժեք ապրելով կյանքը, քանի որ չկա մի մարդ, որ ամեն ինչ ունենա: Բոլոր մարդկանց միշտ ինչ-որ բան պակասում է»,- ասում է Ն. Հովակիմյանը:
Բազմաթիվ հաջողությունների հասած ու մրցանակներ ստացած հայ գիտնականը նշում է, որ գիտության մեջ իր առաքելությունը դեռևս շարունակվում է. «Եթե ինչ-որ պահի ասեմ՝ ինչ-որ բանի եմ հասել, դա կդառնա թոշակի գնալ, իսկ թոշակի գնալու պլաններ դեռևս չկան»:
Նշենք, որ Նաիրա Հովակիմյանը «L1 ադապտիվ կառավարման տեսություն՝ երաշխավորված կայունություն և արագ ադապտացում» գրքի համահեղինակն է և 250-ից ավելի հրապարակումների հեղինակ է: Նա դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր համալսարաններում:
Նաիրա Հովակիմյանի գիտական գործունեության, հաջողության պատմության, նրա մշակած գիտական մեթոդների տարբեր կիրառությունների մասին կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում: