Հայ պրոֆեսորն աշխատում է վիրահատող ռոբոտների կատարելագործման ուղղությամբ
Մեր հայրենակից Նաիրա Հովակիմյանը մեծ հաջողությունների է հասել համաշխարհային գիտական ասպարեզում: Նա աշխատում է ՆԱՍԱ-ի հետ՝ ինքնաթիռի անվտանգության կառավարման համակարգերի զարգացման վրա: Այս մասին 168.am-ը պատմել էր դեռ ամիսներ առաջ:
Այս օրերին հայ պրոֆեսորը կրկին այցելել է հայրենիք: Այս անգամ մեզ հետ զրույցում խոսելով իր ներկայիս աշխատանքների մասին՝ Ն. Հովակիմյանն ասաց, որ այժմ իր համար բոլորովին նոր գիտական ուղղություն է բացահայտում. այս անգամ արդեն՝ բժշկության ոլորտում, մասնավորապես`մարդուն վիրահատող ռոբոտների կատարելագործման ուղղությամբ է աշխատում:
«Սա շատ հետաքրքիր նոր գործունեություն-ուղղություն է: Տվյալ դեպքում՝ մարդուն վիրահատում է ռոբոտը, իսկ վիրաբույժը ղեկավարում է նրա գործողությունները համակարգչի միջոցով»,- ասաց Ն. Հովակիմյանը`նշելով, որ արդեն 10 տարի է՝ ԱՄՆ-ում նման վիրահատություններ են կատարվում Դավինչի ռոբոտների օգնությամբ: Գիտնականի խոսքով` այս կերպ վիրահատություն կատարելու մեթոդն ունի իր թե՛ առավելությունները, և թե՛ բարդությունները: Որպես առավելություն՝ նա նշում է այն, որ բժիշկն այսկերպ հնարավորություն ունի համակարգչի միջոցով տարբեր տեսակի գործողություններ կատարել փոքր մակերեսի վրա, քանի որ կարելի է տեսնել վիրահատության պատկերն ավելի մեծացրած (zoom-ով), ինչը հնարավորություն է տալիս հետվիրահատական ավելի կարճատև, ապահով և բարենպաստ շրջան ապահովել վիրահատվող հիվանդի համար:
«Այս մեթոդը, սակայն, չափազանց լուրջ վտանգ է նաև իրենից ներկայացնում, երբ բժիշկը համապատասխան պատրաստվածություն չունի. այստեղ վիրաբույժի համակարգչային ցանկացած շարժում կամ հարված (click) անչափ կարևոր է մարդու կյանքի համար, քանի որ ռոբոտն անմիջապես կրկնում է այդ գործողությունները, առանց մտածելու»,- ասաց Ն. Հովակիմյանը` նշելով, որ հենց վիրաբույժի շատ լավ ձեռքի աշխատանքի և համակարգչային ճիշտ գործողությունների կատարումից է կախված, որպեսզի հանկարծ մարդու ավելորդ անոթ կամ նյարդ չկտրվի: Օրինակ, եթե բժիշկն ուղիղ գիծ է քաշում, ռոբոտը հենց այդպես ուղիղ գծով էլ կտրում է, սակայն, ըստ գիտնականի` իհարկե հնարավոր է, որ մարդը նաև սխալվի, իսկ արդյունքում…
Ն. Հովակիմյանի խոսքով`այժմ այս մեթոդով բուժող լավագույնը համարվող վիրաբույժը հայտնի պրոֆեսոր Պիեր Ջուլիանոտտին է. նա նման ձևով կատարած հաջող վիրահատությունների քանակով ռեկորդակիր է, և այդկերպ նրա կատարած վիրահատություններից և ոչ մեկի ժամանակ որևէ մահվան դեպք տեղի չի ունեցել: «Հայտնի պրոֆեսորը դիմել է մեր համալսարանին՝ իրենց օգնելու ռոբոտների կատարելագործման մեջ: Այսինքն` մենք այժմ պետք է ավելի կատարելագործենք այդ ռոբոտը՝ զարգացնելով ճիշտ հետադարձ կապի օրենքներ, որոնք կապահովեն ռոբոտի աշխատանքը և կօգնեն անզգուշաբար չվնասել առողջ հյուսվածքներն ու կենսական արյան անոթները»,- ասաց Ն. Հովակիմյանը` միաժամանակ նշելով, որ նախատեսում են երկրորդ սերնդի (Second generation) ռոբոտների զարգացումը, որոնք կլինեն ավելի փոքր չափսերի: Նա այդ զարգացումը համեմատեց IBM մեքենաներից մինչև iPhone համակարգչային տեխնիկայի չափերի փոքրացման հետ: «Այսինքն` համակարգչային սարքերը այդքան փոքրացան (miniaturization), ուստի այս ամենն էլ պետք է կատարելագործվի և փոփոխվի»,- ասաց Ն. Հովակիմյանը` նշելով, որ իրենց համալսարանում առաջիկայում կբացվի նմանատիպ բժշկական տեխնոլոգիաների կենտրոն, որի տնօրենը կլինի Պիեր Ջուլիանետտին, իսկ հայ գիտնականին առաջարկել են այդ կենտրոնի ճարտարագիտության գծով նախատեսված երկու փոխտնօրեններից մեկը լինել: Մյուս փոխտնօրենը կլինի կոմպյուտերային տեխնիկաների մասնագետ, ով կվերահսկի ծրագրերի և համակարգերի ինտեգրումը (software and systems integration), իսկ Ն. Հովակիմյանը պատասխանատու կլինի ռոբոտների զարգացման ու կատարելագործման մեխանիկական համակարգերի համար:
Ն. Հովակիմյանը նշում է, որ աշխարհում ինչ-որ բան փոխելու համար պետք է ամբիցիոզ խնդիրներ ձևակերպել, շատ աշխատել և հավատալ, որ, եթե անգամ բոլոր դռները փակել են քո առջև, միևնույն է, ինչ-որ մի տեղ հնարավոր է պատուհան ու լույսի շող գտնել, իսկ հաջողությունը ոչ թե ի վերուստ տրված մի բան է, այլ դա ավելի շատ կենսակերպի հարց է, երբ ինքդ ես ընտրում, թե ինչպես ապրել:
Նաիրա Հովակիմյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում:



