Շուտով կվերադառնամ և իմ երկիրը կազատեմ պուտինյան ազդեցությունից. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից կախված է շատ երկրների, այդ թվում նաև Վրաստանի ճակատագիրը:
Նա ընդգծել է, որ իր համար շատ մեծ պատիվ է ուկրաինացի գործընկերների ու միջազգային գործիչների հետ աշխատելը՝ կապված Ուկրաինայի հակակոռուպցիոն օրենսդրության բարեփոխման և այլ հարցերի հետ: Սաակաշվիլին հենց այդ հանգամանքով է պայմանավորել իրեն Վրաստանին արտահանձնելու Ուկրաինայի մերժումը:
Սաակաշվիլին նկատել է, որ Ինտերպոլը որևէ կերպ չի արձագանքել իր նկատմամբ հետախուզում հայտարարելու դիմումին, որովհետև դա քաղաքական գործ է, մինչդեռ Ինտերպոլի կանոնադրությունն արգելում է քաղաքական գործերին մասնակցելը.
«Ես կգամ Վրաստան, բնականաբար, կգամ շատ շուտով՝ որպես ազատ մարդ, և իմ երկիրը կազատեմ պուտինյան ազդեցությունից: Կշարունակեմ այն բարեփոխումները, որոնց մենք բավականաչափ անցկացրել ենք վերջին տարիներին:
Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում ամեն ինչ գնա դեպի լավը, որովհետև վերջիվերջո դրանից են կախված շատ երկրների, այդ թվում նաև Վրաստանի ճակատագրերը»: