Բաժիններ՝

Հայաստանը դեռևս հարմարվում է նոր տնտեսական իրականությանը

Մեր զրուցակիցն է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC-International Finance Corporation)` Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը։

– Միջազգային ֆինանսական կորպորացիան ներգրավված է Հայաստանում իրականացվող մի շարք նախագծերում։ Հաշվի առնելով գնահատականները, որոնց համաձայն` ՀՀ տնտեսական աճի տեմպն այս տարի զգալիորեն կնվազի, ինչպե՞ս կգնահատեք օտարերկրյա ներդրումների ներգրավման ներկայիս հնարավորությունները։

– Համաշխարհային տնտեսությունը դեռևս շատ փխրուն է, և սա բացասաբար է ազդում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը ծայրահեղ բարդ է։ Տարածաշրջանի երկրները, այդ թվում` Հայաստանը, դեռևս հարմարվում են այդ նոր տնտեսական իրականությանը։

Չնայած սրան, Հայաստանի տնտեսության մեջ առկա են որոշ ավելի մրցունակ ճյուղեր, ինչպես գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը, որոնք զգալի պոտենցիալ ունեն։ Մենք օգնում ենք, որպեսզի մասնավոր հատվածի ուժերը մոբիլիզացվեն` նոր աշխատատեղեր և հնարավորություններ ստեղծելու համար։
Այս փխրուն իրավիճակում շատ բան պետք է արվի երկրի ներդրումային միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ։ Դա վերաբերում է նաև քաղաքական կայունության ապահովմանը։

Կարդացեք նաև

Միջազգային ֆինանսական կորպորացիան վերջերս նախաձեռնեց Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումների երկրորդ ծրագիրը։ Այն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից և երկրի կառավարության համար կապահովի խորհրդատվական բնույթի աջակցություն` ներդրումային միջավայրի բարելավման համար։

– ՀՀ Կառավարությունը վերջերս օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց` տարեկան 50 մլրդ դրամ արտահանման ծավալ ունեցող ընկերությունների շահութահարկը 20%-ից դարձնելով 2%։ Կարո՞ղ է այս քայլը խթանել ներդրումների հոսքը, և ի՞նչ քայլեր են պետք պոտենցիալ ներդրողների ուշադրությունը գրավելու համար։

– Ընդհանրապես, մրցունակ տնտեսություններն ավելի մեծ օտարերկրյա ներդրումներ են կարողանում ներգրավել, քան պակաս մրցունակները։ Եթե այս նախաձեռնության շնորհիվ հաջողվի բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը, դա, անշուշտ, կբերի օտարերկրյա ներդրումների աճի։ Մի շարք քայլեր կան, որոնց իրականացումը կարող է նպաստել ներդրումների ներգրավմանը։ Դրանց թվում են, օրինակ, ներդրումային քաղաքականությանը վերաբերող օրենսդրության կատարելագործումը, մուտքի խոչընդոտների վերացումը և ներդրողների իրավունքների պաշտպանությունը։

Մենք հավատացած ենք, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այս նպատակին հասնելու համար վերջնական որոշումներ կայացնել։ ՄՖԿ-ի` Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից, նպատակ ունի աջակցել կառավարությանն այս կարևոր գործում։ Ծրագիրը խորհրդատվություն է ապահովելու կառավարության համար` ներդրումային քաղաքականության և տեսչական բարեփոխումների ոլորտներում։

– ՄՖԿ-ն Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի առանցքային ներդրողներից մեկն է։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախագծից։

– Նախ նշեմ, որ ՄՖԿ-ին պատկանում է Ամուլսարի նախագիծը շահագործող Lydian International ընկերության կողմից տեղաբաշխված կապիտալի 8%-ից քիչ բաժնեմասը։ Ընդհանրապես, ինչպես արդեն նշվեց, ՄՖԿ-ն աջակցում է մասնավոր հատվածի նախաձեռնությունների զարգացմանը, որոնք կարող են աշխատատեղեր ստեղծել և նպաստել Հայաստանի տնտեսական աճին։ Կոնկրետ Ամուլսարի պարագայում, ի թիվս այլ նպատակների, մենք ցանկանում ենք նպաստել Հայաստանում կայուն հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը` միջազգայնորեն ընդունված լավագույն փորձին և չափանիշներին համապատասխան, որոնք ապահովվում են ՄՖԿ-ի կողմից աջակցություն ստացած բոլոր նախագծերում։

Ամուլսարի նախագծի իրականացումը թույլ կտա շոշափելի տնտեսական օգուտներ ապահովել Հայաստանի համար, այդ թվում` ավելի շատ հարկային մուտքեր, գյուղական բնակավայրերում ուղղակի և անուղղակի զբաղվածության հնարավորություններ, լրացուցիչ եկամուտներ` ոսկու արտահանումից, և այլն։ Այս ծրագիրը մեր այն ջանքերի մի մասն է, որի նպատակն է` օգնել աճի, աղքատության կրճատման և երկարաժամկետ տնտեսական աճը խթանելու պոտենցիալ ունեցող ընկերություններին։

ՄՖԿ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր նախագծերին` անկախ նրանից, թե ինչ ոլորտ է կամ արդյունաբերության ինչ ուղղություն, մենք ներկայացնում ենք բնապահպանական և սոցիալական խիստ պահանջներ, չափանիշներ։ Ամուլսարի նախագիծը նույնպես պետք է բավարարի այս չափանիշներին։ Մենք ուշադիր հետևում ենք նախագծին` վստահ լինելու համար, որ այն բավարարում է ՄՖԿ-ի ներկայացրած չափանիշներին` իրականացման և շահագործման ընթացքում։

– Մի շարք բնապահպան ակտիվիստներ դեմ են Ամուլսարի նախագծին։ Նրանք ասում են, որ ավելի նախընտրելի է շեշտը դնել գյուղատնտեսության և ՏՏ ոլորտի վրա, որոնք, ի տարբերություն հանքարդյունաբերության, շրջակա միջավայրին վնաս չեն հասցնում։ Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն։ Եվ կարո՞ղ են արդյոք գյուղատնտեսության ու ՏՏ ոլորտները` իրենց ստեղծած ավելացված արժեքներով, այս պահին փոխարինել հանքարդյունաբերությանը։

– Միջազգային ֆինանսական կորպորացիան ներդրումներ է կատարում հանքարդյունաբերական նախագծերում, քանի որ դրանք կարող են շոշափելի օգուտներ բերել և նպաստել տնտեսական զարգացմանը։ Առանցքային օգուտների թվում են պետական եկամուտների աճը` տեղական և համապետական մակարդակով, տեղական բիզնեսների աճը և աշխատատեղերի ստեղծումը։ Դրանք բոլորն ավելացնում են զբաղվածությունը և խթանում են մարզերի աճը։ Հանքարդյունաբերական հաջող նախագծերն իրենց հերթին` բերում են նաև լրացուցիչ ներդրումներ ենթակառուցվածքներում, ինչպես նաև ակտիվացնում են արդյունաբերությունը, համայնքային ծրագրերը, մատակարարման տեղական ցանցերի աշխատանքը։

Միջազգային որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ որոշ դեպքերում հանքի շահագործման արդյունքում ստեղծված 1 ուղղակի աշխատատեղը ստեղծում է մոտ 20 անուղղակի աշխատատեղ այլ ոլորտներում։ ՄՖԿ-ի գլոբալ պորտֆելում նավթի, գազի և հանքարդյունաբերության հետ կապված նախագծերը միայն 2013 թվականին ապահովել են ավելի քան 4.7 միլիարդ դոլարի լրացուցիչ պետական եկամուտներ, աշխատանքով ապահովել են 92 հազար մարդու, իսկ համայնքային ծրագրերի միջոցով տեղական համայնքներին ցուցաբերվել է 49 միլիոն դոլարի աջակցություն։

Նույն ժամանակահատվածում նավթի, գազի և հանքարդյունաբերության ոլորտում ՄՖԿ-ի գործընկեր կազմակերպությունները տեղական ու ազգային ընկերություններից գնել են 7.8 միլիարդ դոլարի ապրանքներ և ծառայություններ։ Ամբողջ աշխարհում հանքարդյունաբերությունը բարդ ոլորտ է։ Սակայն ՄՖԿ-ն հավատացած է, որ շեշտը դնելով թափանցիկության վրա, ընկերությունների կողմից իրենց սոցիալական հանձնառությունը պահպանելու, բնապահպանական և սոցիալական ինդուստրիայի լավագույն միջազգային փորձին հետևելու պարագայում` ՄՖԿ-ն կարող է երկրներին օգնել օգտագործել իրենց բնական ռեսուրսները` ի շահ իրենց ժողովրդի։

ՄՖԿ-ն վստահ է, որ Հայաստանում հնարավոր է հաջողությամբ իրականացնել պատասխանատու հանքարդյունաբերություն, և մենք բոլոր ողջամիտ ջանքերը գործադրում ենք, որպեսզի Ամուլսարի նախագիծը հասնի իր նպատակին։ Հանքի շահագործման պոտենցիալ ազդեցությունը գնահատվելու և փաստաթղթավորվելու է բոլոր հարթություններում, և իրականացվելու են միջոցառումներ` շահագործման հետևանքները մեղմելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս