Բաժիններ՝

Տնտեսվարողներից պահանջում են վարձու աշխատողների աշխատավարձը բարձրացնել 5-15 հազար դրամով

Վերջին շրջանում տնտեսվարողներն առավել հաճախ են դժգոհում, որ հարկային տեսուչները պահանջում են վարձու աշխատողների աշխատավարձը բարձրացնել 5-15 հազար դրամով, հակառակ դեպքում սպառնում են ուսումնասիրություններ անցկացնել և խախտումներ «հայտնաբերել»: Դեղատների սեփականատերերից տեսուչներն անգամ պահանջում են աշխատավարձը 90-95 հազար դրամից պակաս չգրել՝ հիմնավորելով, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափն ավելացել է: Ընդ որում, բողոքում են ոչ թե կոնկրետ ինչ-որ մի շրջանի տնտեսվարողներ, այլ թե´ Երևանի, թե´ հանրաապետության տարբեր շրջանների: Եվ տեսուչները ոչ թե ծանուցագրեր են ուղարկում, այլ բանավոր են «կարգադրում»: Մարզերում, հատկապես փոքր ձեռնարկատերերը, իրենց իսկ խոսքով, մոլորվել են և չգիտեն՝ ինչպես վարվել, քանի որ այնտեղ մայրաքաղաքի համեմատ աշխատավարձերն ավելի ցածր են:

«Հո չե՞նք կարող մի փոքր խանութի աշխատողին 30-40 հազար վճարել, բայց հարկայինի համար գրել 50-60 հազար»,- տարակուսում են գործարարները:

Նրանք նշում են, որ ինչ-որ միջին համապետական ցուցանիշ է հաշվվել, ու դա պարտադրվում է բոլորին, ու ոմանք ստիպված են եղել իրականում աշխատողին ավելի քիչ վարձատրելու պայմաններում եկամտային հարկի հաշվարկի մեջ ավելի մեծ թիվ ցույց տալ: Ըստ որոշ տնտեսվարողների՝ Հարկայինի այս պահանջները եկամտային հարկի հավաքագրման և բյուջեի մուտքերի ծավալների հետ են կապված:

«Եթե իրական չափից ավելի ենք հայտարարագրում, ապա ստիպված ենք լրացուցիչ վճարել նաև վարձու աշխատողին: Իսկ այդ դեպքում, եթե վարձու աշխատողը պահանջում է վճարել իր անվամբ լրացուցիչ հայտարարագրված գումարը, ո՞վ է վճարելու՝ հարկային տեսո՞ւչը, Հարկայինի պե՞տը»,- դժգոհում են գործարարները:

Կարդացեք նաև

Իհարկե, եթե հարկ վճարողները հայտարարագրում են այն աշխատավարձի չափը, որն իրականում հաշվարկում և վճարում են աշխատակիցներին, մտահոգվելու խնդիր չպետք է ունենան: Սակայն տնտեսվարողները նշում են, որ չեն կարող հենց էնպես «գրողի ծոցն» ուղարկել տեսուչներին, քանի որ այդ դեպքում, նվազագույնը, կհայտնվեն ռիսկայինների ցուցակում և, ժողովրդի լեզվով ասած, մրից կելնեն՝ մրջուրը կընկնեն:

168.am-ը ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից խնդրեց պարզաբանել այս իրավիճակը: Մեր հարցմանն ի պատասխան՝ բաժնից տեղեկացրին, որ այն կարող է կապված լինել ՀՀ ֆինանսների նախարարության (տարածքային) հարկային տեսչությունների կողմից ռիսկերի կառավարման հիման վրա իրականացվող վարչարարության հետ, մասնավորապես՝ կարևորվում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց հարկային պարտավորությունների ճշգրիտ ինքնագնահատման մղելու և նրանց գործունեությանը հնարավորինս քիչ միջամտելու քաղաքականությունը, որը նպատակ ունի ոչ թե բացահայտել խախտումներ, այլ կանխարգելել դրանք:

Բոլոր հարկային տեսչություններում պարբերաբար իրականացվում են ըստ ոլորտների գործող հարկ վճարողների վճարած հարկերի, հարկային բեռի, շահութաբերության (եկամտաբերության), հայտարարագրված աշխատավարձի և աշխատողների թվաքանակի վերլուծություններ: Դրանց արդյունքում՝ այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք հայտնվում են ռիսկային խմբերում, միանգամից չեն իրականացվում հսկողական միջոցառումներ, այլ նրանց առաջարկվում է ինքնահայտարարագրման միջոցով կատարել համապատասխան ճշգրտումներ»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում:

Միաժամանակ, ՖՆ բաժնից պատրաստակամություն են հայտնել մեր նշած տվյալները կոնկրետացնելու կամ հասցեական դարձնելու դեպքում՝ լրացուցիչ պարզաբանումներ տալ:

Թերևս, նախարարությունում շատ լավ պատկերացնում են, որ խնդիրը հասցեական դարձնելը խիստ բարդ է: Տնտեսվարողներն ամեն կերպ խուսափում են հարկային մարմինների հետ առճակատումներից՝ լավ իմանալով, թե դա ինչով կարող է ավարտվել: Սակայն ընդգծենք, որ գործարարները համատարած են դժգոհում հարկային տեսուչների աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս