Հանքարդյունաբերողի և համայնքների հարաբերությունների միջև դրական դինամիկա կա․ Գևորգ Փարսյան

Հանքարդյունաբերողի և համայնքների հարաբերությունների միջև դրական դինամիկա կա Mining Armenia Forumում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը խոսեց վստահության աճի մասին

Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորումի քննարկումներից մեկը նվիրված էր համայնքների և հանքարդյունաբերական ընկերությունների միջև համագործակցությանը։ Քննարկման մասնակիցներից մեկը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն էր։ Վերջինս խոսեց այն մասին, որ հանքարդյունաբերությունը երկրի տնտեսության կարևորագույն ճյուղն է, իսկ կոնկրետ Կապան համայնքի համար՝ դոմինանտ ճյուղ է։

«Տարբեր ժամանակներում հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ ընկալումները տարբեր են եղել, բայց վերջին տարիների ընթացքում ընկալումները և վերաբերմունքը հանքարդյունաբերության նկատմամբ դրական առաջընթաց է գրանցում»,ասել է Գևորգ Փարսյանը՝ նկատելով, որ հանքարդյունահանող կազմակերպության հետ այս օրերին համայնքը քննարկում է արտադրական հզորությունների ավելացման հարցը, և սա ուղիղ առնչություն ունի վստահության աճի հետ։

Կապանի համայնքապետը նկատեց, որ խնդիրներ ու լարվածություն նույնպես եղել են, բայց վերջին տարիներին ավելի նկատելի է դրական տեղաշարժը վստահության հարցում։

Կարդացեք նաև

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ընդգծեց, որ կազմակերպությունները ղեկավարվում են մարդկանց կողմից, և դրանից կախված կարող են մոտեցումներն էլ փոխվել համայնքների հետ հարաբերություններում։

Նա խոսեց նաև այն մասին, որ հաճախ համայնքների և հանքարդյունաբերական կազմակերպությունների հարաբերություններին միջամտել են երրորդ կողմեր՝ անհարկի վախեր տարածելով համայնքում։

«Երբ վախի մթնոլորտը ստեղծվում է, ավելի հեշտ է լինում կառավարել, և հենց այստեղ է, որ հանքարդյունաբերական կազմակերպությունները մեծ ուշադրություն պետք է դարձնեն համայնքների հետ ուղիղ կապին ու աշխատանքին», նշեց ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրենը՝ հավելելով, որ միջազգային հարթակներում ևս այսօր շեշտը դրվում է համայնքների անվտանգության, բնապահպանական անվտանգության և սոցիալական ներդրումների վրա։

Քննարկումը վարում էր Հայաստանում Համաշխարհային բանկի նախկին ղեկավար Լորա Բեյլին, որը քննարկման մյուս մասնակցին՝ Mining.com կանադական հանքարդյունաբերական լրատվամիջոցի գլխավոր խմբագրին, հարց ուղղեց՝ որոնք են համաշխարհային միտումները, և ինչն է համայնքի ու հանքարդյունաբերողի միջև կոնֆլիկտի իրական պատճառը՝ բնապահպանականը, թե սոցիալականը։

«Ես վստահաբար կասեի՝ սոցիալականը։ Բնապահպանական ստանդարտները ոլորտում բավական լավ սահմանված են, բավական խիստ կարգավորումներ կան։ Սոցիալական ասպեկտները շատ ավելի սուբյեկտիվ ու փոփոխական են», ասաց կանադացի հյուրը։

Սա համահունչ է նաև քննարկմանը ավելի վաղ հնչած տեսակետին, որ կոնֆլիկտների պատճառը հաճախ ոչ թե օբյեկտիվ բնապահպանական խնդիրներն են, այլ երրորդ կողմերի միջամտությունը, որը բերում է սոցիալական հակադրության։

Տեսանյութեր

Լրահոս