Բաժիններ՝

«Վաճառքից հետո՝ թեկուզ «ջրհեղեղ»

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին›› ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն ` սպառողն իրավունք ունի տասնչորս օրվա ընթացքում փոխարինել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը, եթե նա հարմար չէ ձևով, եզրաչափերով, գույնով, չափով, բացառությամբ՝ ՀՀ Կառավարության կողմից սահմանված անվանացանկով հաստատված ապրանքների:

Համաձայն նշված հոդվածի 2-րդ մասի` եթե դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա այդ դեպքում միայն սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրն ու պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը: Եթե օրենքը շրջանցվում է տնտեսվարողի կողմից, և ոտնահարվում է սպառողի իրավունքը, ապա սպառողն իր այդ իրավունքը կարող է պաշտպանել դատական կարգով:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի հիմնադիր անդամ և հանրային կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեև սպառողի իրավունքներն ամրագրված են իրավական դաշտում, սակայն գործնականում դրանց կիրառման հետ կապված դեռ խնդիրներ կան, ինչի մասին են խոսում սպառողների կողմից ստացվող ահազանգերը:

«Տնտեսվարողները հաճախ վերադարձ չեն կատարում` կառչելով օրենքում նշված նմանօրինակ բառից, սակայն օրենքը սպառողների պաշտպանության մասին է, հետևաբար՝ սպառողն ինքը պետք է որոշի, թե որն է իր համար նմանօրինակ ապրանք: «Գնված ապրանքը ետ չի ընդունվում և չի փոխանակվում» գրություններով ցուցանակներ կարելի էր տեսնել տոնավաճառներում և մի շարք հագուստի խանութներում: Այսօր դրանց թիվը փոքր-ինչ նվազել է»,- նշում է Սիրանուշ Զաքարյանը:

Մինչդեռ մեր անցկացրած լրագրողական հարցման ժամանակ պարզվեց, որ դրանց թիվը ոչ թե նվազել է, այլ դրանք փոխարինվել են նոր ցուցանակներով, որոնք սպառողներին իրազեկում են իրենց իսկ իրավունքների մասին: Սակայն այդ խանութները նույնպես հրաժարվում են գնված ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձ կատարել: «Դալմա գարդեն մոլի» և «Երևան մոլի» մի շարք բրենդային խանութներում («Սուիթ Բլանկո», «Բերշկա», «Փուլ ընդ Բիըր», «Մասսիմո Դյութի», «Ստրադիվարիուս», «Զառա», «Մարկ ընդ Սպենսր»), որոնք Հայաստանում հիմնականում ներկայացնում է «Ռիթել գրուպ» ընկերությունը, գործում է միայն սպառողի` գնված ապրանքը 14 օրվա ընթացքում փոխանակում կատարելու իրավունքը:

«Ոչ պարենային շուկայում սպառողները հիմնականում կոշիկի և հագուստի վերադարձի խնդիր ունեն»,- փաստում է Սիրանուշ Զաքարյանը: Նրա խոսքով՝ խնդիրների 80%-ը զանգերի միջոցով է լուծվում, երբ բանավոր ներկայացվում է օրենքի պահանջը, և տնտեսվարողն ընդունում է, իսկ խնդրահարույց դեպքերում կազմակերպությունը սպառողի անունից դիմում է ներկայացնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչություն:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ն մոտ 900 խանութում ուսումնասիրություն է անցկացրել` պարզելու, թե տվյալ տնտեսվարողները որքանո՞վ են խախտում սպառողների իրավունքները, և Օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել կառավարություն: Պատասխան գրություն մեջ նշվել է, որ օրենսդրական փոփոխություններ կատարվելու են 2015 թվականի ընթացքում, որպեսզի օրենքները համապատասխանեցվեն Մաքսային միության օրենսդրությանը: Ոչ պարենային ապրանքների տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնում է Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը (ՀՀ կառավարության 23.04.2003թ. N 524-Ն որոշում): Այդ պահանջները չկատարելու դեպքում ստուգման ենթարկված տնտեսվարող սուբյեկտի պատասխանատու անձի նկատմամբ նախատեսված է վարչական տուգանքի կիրառում` համաձայն Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 158 և 180 հոդվածների: Տնտեսվարող սուբյեկտներում նախատեսված ստուգումներն իրականացվում են՝ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված տեսչության տարեկան ստուգումների ծրագրի, որը տեղադրվում է Prosafe.am տեսչության պաշտոնական կայքում:

Տեսչության կողմից վերջին ստուգումներն անցկացվել են 2014թ. ընթացքում: Հագուստի և կոշիկի վերադարձի կամ փոխանակման համար տեսչությանը հասցեագրված է եղել թվով 19 դիմում-բողոք, որից 15-ի դեպքում բավարարվել է դիմումատուի պահանջը, իսկ 4 դիմումատուի առաջարկվել է դիմել դատարան: Սակայն հագուստի վերադարձի հետ կապված՝ Հայաստանում տնտեսվարողի դեմ դատական հայց մինչ օրս չի ներկայացվել: Շուկայի վերահսկողության պետական տեսչության և հասարակական կազմակերպությունների կողմից որքան էլ միջոցառումներ ձեռնարկվեն ոլորտի կարգավորման և օրենքի բացը շտկելու համար, սպառողը պետք է հիշի, որ իր լավագույն պաշտպանը հենց ինքը՝ սպառողն է: Հետևաբար՝ պետք է լինել իրազեկված և պահանջատեր: Հիշեցնենք, որ 1983 թվականին մարտի 15-ը միջազգային տոների օրացույցում նշվեց կարմիրով. այդուհետ մարտի 15-ը համարվեց Սպառողների շահերի պաշտպանության համաշխարհային օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս