Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իսպանիայի առաջնորդներն այցելել են ավիաաղետի վայր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն այսօր այցելել են Ֆրանսիայի հարավ, ուր երեկ կործանվել է Germanwings ընկերությանը պատկանած Airbus А320 օդանավը:
Երեք երկրների ղեկավարները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով ժամը 14.00-ին: Օլանդը, Մերկելն ու Ռախոյն այցելելու են ժամանակավոր մատուռ, որը գտնվում է ավիաաղետի շրջանից ոչ հեռու ընկած Սեն-լեզ-Ալպ քաղաքում և նվիրված է զոհված ուղևորների հիշատակին:
Բացի այդ, երեք երկրների առաջնորդները կզրուցեն որոնողա-փրկարարական գործողության մասնակիցների հետ: Օդանավը Ֆրանսիայի հարավում կործանվել է երեկ՝ Բարսելոնից Դյուսելդորֆ ուղևորվելիս: Օդանավում գտնվել է 144 ուղևոր և 6 հոգանոց անձնակազմ: Նրանք բոլորն էլ զոհվել են:
Օդանավի ուղևոներից 67-ը եղել են Գերմանիայի, իսկ 45-ը՝ Իսպանիայի քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ, օդանավում գտնվել են ավելի քան 10 երկրների քաղաքացիներ:
Հաղորդվել է, որ օդանավն ավիաաղետից առաջ բավական երկար ժամանակ բարձրություն է կորցրել և ընկել է 10 րոպեում: Ավիաաղետի պատճառների թվում նշվում են սարքերի անսարքությունը, հերմետիկության վերացումն ու դժբախտ պատահարը: