Բաժիններ՝

Վարսավիրանոցում կինը սուր գործիքով հարվածել է իր ծանոթին

Վերաքննիչ դատարան է բողոքարկվել Երևանի բնակչի դեմ հարուցված քրեական գործով ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճիռը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր էր ճանաչվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ դատապարտվելով 2 տարի 10 ամիս 2 օր ժամկետով ազատազրկման:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վարսավիրանոցում, անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, տեղում վերցրած սուր, կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է իր ծանոթի կրծքավանդակի ձախ կեսի կողային շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Ըստ ընդհանուր իրավասության դատարանի վճռի՝ մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, խնամքին է գտնվում` հոգեկան հիվանդ, առաջին խմբի հաշմանդամ քույրը, ըստ բնակության վայրի՝ բնութագրվում է դրական, իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանի կողմից չէր արձանագրվել:

Ամբաստանյալը վերաքննիչ դատարանից պահանջել է իր նկատմամբ փորձաշրջան սահմանել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս