ԼՂՀ վարչապետը պարգևատրել է ջրային համակարգի պատասխանատուներին
Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ընդունել է հանրապետության ջրային համակարգի մի խումբ աշխատակիցների՝ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հիշարժան օրվա առթիվ՝ վարչապետն անդրադարձել է մարդու կյանքում և բնության մեջ ջրի կենսական նշանակությանը: Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին ջրային համակարգում արված մեծ ներդրումները և աշխատանքը, որոնց արդյունքում թե՛ խմելու, թե՛ ոռոգման նոր ջրագծերի կառուցման ուղղությամբ հաջողություններ են ձեռքբերվել:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ոլորտի պատասխանատուները պարտավոր են իրենց ամենօրյա աշխատանքով բարձրացնել համակարգի կառավարման որակը, իսկ հետագայում՝ աշխատել կառավարման առավել արդյունավետ մոդելի ձևավորման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ իրականացվելիք խոշոր նախագծերը համակարգը դարձնելու են առավել կայուն և արդյունավետ:
Հանդիպմանը, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում ունեցած երկարատև արգասաբեր գործունեության համար և ջրի համաշխարհային օրվա առթիվ, մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, ջրային համակարգի բոլոր աշխատակիցների անունից, շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և պարգևների համար:
Նա հավաստիացրել է, որ այսուհետ ևս համակարգի աշխատակիցներն իրենց գործն անելու են մեծ պատասխանատվությամբ ու եռանդով, մանավանդ որ ոլորտը գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, և դրանում մեծ ներդումներ են կատարվում: