Օբամային պարզապես ատող Պուտինը չափից ավելի է օգտագործում միջուկային հռետորիկան. Դոնալդ Թրամփ
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է իր քաղաքականությունում միջուկային հռետորիկան չափից ավելի օգտագործելու մեջ:
Թրամփն այդ հայտարարությունն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարեր, եթե դառնար ԱՄՆ նախագահ. «Ամենից առաջ ես կցանկանայի ասել այն մասին, ինչի մասին որևէ մեկը չի խոսում, և դա վատ է: Պուտինը, ով պարզապես ատում է Օբամային, մշտապես օգտագործում է միջուկային հռետորիկան և խոսում է իր երկրի միջուկային պոտենցիալի մասին»:
Թրամփը հավելել է, որ երբևէ չի լսել, որ Ռուսաստանի ղեկավարներից որևէ մեկը երբևէ այդպես արած լինի: Թրամփն ընդգծել է, որ նայել է ռուսական ծրագրերից մեկը, որում պատմվում է ԱՄՆ-ի միջուկային պոտենցիալի մասին.
«Նախևառաջ չի կարելի նրանց թույլ տալ անել դա, և երկրորդ՝ ներկայացված տվյալները հնացած են: ԱՄՆ-ը պետք է ամրապնդի իր զինված ուժերը, ինչպես նաև ամբողջովին փակի իր սահմանները»: