Մոլդովայի վարչապետը հուսով է, որ կառուցողական համագործակցություն կհաստատվի Գագաուզիայի նոր ղեկավարի հետ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հուսով է կառուցողական համագործակցություն հաստատել Գագաուզիայի ինքնավարության ղեկավարի ընտրություններում հաղթած Իրինա Վլահի հետ.
«Մենք հարգում ենք ինքնավարությունում բնակվող Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը: Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները ճանաչումից հետո Գագաուզիայի նոր ղեկավարն իր ողջ պոտենցիալը կուղղի կառուցողական աշխատանքին, այդ թվոմ նաև որպես Մոլդովայի կառավարության անդամ»:
Ինքնավարության ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Վլահը հաղթանակ է տարել առաջին փուլում՝ հավաքելով քվեների ավելի քան 51.01 տոկոս: Նրա մերձակա մրցակից Նիկոլայ Դուդոլգոն ստացել է քվեների 19.05 տոկոսը:
Վլահն արդեն իսկ հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին քայլերից մեկը լինելու է Մոլդովայի իշխանությունների հետ հարաբերություններ հաստատելու փորձը, որոնք հռչակել են ԵՄ-ի հետ ինտեգրվելու կուրս: