Պուտինը չի բացառել, որ 2018 թվականին Ռուսաստանի նախագահ կարող է ընտրվել մեկ ուրիշը
RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ 2018 թվականին Ռուսաստանի նախագահ կարող է ընտրվել մեկ ուրիշը: Պուտինն այդ մասին հայտարարել է WorldSkills International կազմակերպության ղեկավար Սայմոն Բարթլիի հետ հանդիպման ժամանակ՝ 2019 թվականին աշխատանքային մասնագիտությունների գծով աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր ստանալուց հետո.
«Ռուսաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2018 թվականին: Սակայն ես վստահ եմ, որ այդ ժամանակ ով էլ որ լինի ռուսական պետության ղեկավարը, հաճույքով կմասնակցի այդ միջոցառմանը»:
Պուտինն այդ կերպ է արձագանքել Բարթլիի այն խոսքերին, որ «Կազանում աշխատանքային մասնագիտությունների գծով աշխարհի առաջնություն անցկացնելու Ռուսաստանի հայտի լավ առավելությունը կլիներ այդ միջոցառման բացման կամ փակման միջոցառմանը պետության ղեկավարի ներկայությունը»:
Ռուսաստանի հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցեր քանիցս ուղղվել են Պուտինին, սակայն նա երբևէ միանշանակ պատասխան չի տվել դրան: Վերջին անգամ Պուտինին այդ մասին հարցրել են 2014 թվականի դեկտեմբերի 18-ի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այն ժամանակ Պուտինը պատասխանել էր, որ բոլորի համար դեռ վաղ է 2018 թվականի ընտրությունների վերաբերյալ որոշում ընդունելը և որ անհրաժեշտ է աշխատել հանուն պետության բարօրության: