Ապրիլին կտրուկ կմեծացվի Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկաներ իրաքյան նավթի արտահանումը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Բաղդադն Էրբիլի հետ ձեռք բերած համաձայնության շրջանակներում ուղարկել է 400 միլիոն դոլար, որոնք ստացվել են նավթի վաճառքից: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ֆինանսների նախարարության խոսնակ Ահմեթ Աբդուռահմանը:
Նա ընդգծել է, որ Բաղդադն Էրբիլի բյուջե 400 միլիոն դոլար է փոխանցել 2014 թվականի դեկտեմբերի 2-ին քրդական ինքնավարության ղեկավարության հետ նավթային համաձայնության շրջանակներում: Աբդուռահմանը հիշեցրել է, որ ավելի վաղ Բաղդադն Էրբիլին փոխանցել է 500 միլիոն դոլար:
Ընդգծվում է, որ երկար ժամանակ ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող քրդական ինքնավարության ղեկավարությունը Բաղդադից ստացված 400 միլիոն դոլարն ուղղելու է Փեշմերգայի ներկայացուցիչների, ոստիկանների ու պետծառայողների աշխատավարձերի մի մասի վճարմանը:
Իրաքի Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ երկրի բյուջեում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մասնաբաժինը կազմում է 17 տոկոս: Դա նշանակում է, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը նավթային եկամուտներից ամսական 1 միլիարդ դոլար պետք է հատկացնի քրդական ինքնավարությանը:
Սակայն Բաղդադի կենտրոնական կառավարությունը ներկայումս ունակ չէ անել դա՝ կապված «Իսլամական պետության» հարձակումների և նավթի կտրուկ գնանկման հետ: Ներկա դրությամբ քրդական ինքնավարությունից նավթը Թուրքիայի տարածքով արտահանվում է համաշխարհային շուկաներ: Օրական արտահանվում է 450.000 բարել նավթ: Պլանավորված է ապրիլին այդ ցուցանիշը հասցնել 600.000 բարելի: