Գյումրիի ակումբներից մեկում շշերը ջարդել են պարուհու մեջքին, հայհոյել, անպարկեշտ ձևով հպվել պարուհու մարմնին
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել խուլիգանության կատարման մեջ և դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գործով չպարզված անձի հետ գնացել է Գյումրիի ժամանցի վայրերից մեկը, նստել սեղանի մոտ, պատվիրել գինի և գարեջուր, համակարգչի անսարքության պատճառով ակումբում երաժշտություն չի եղել, և ամբաստանյալն ընդհանուր բնույթի սեռական հայհոյանքներ է տվել: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ արդեն ժամը 01:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ ակումբի աշխատակիցների հասցեին, անպարկեշտ ձևով ձեռքով հպվել հիշյալ ակումբի պարուհու մարմնին, հայհոյել է նրան, թքել նրա վրա, իսկ պարուհին էլ մոխրամանը նետել է նրա ուղղությամբ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ եղած անձի հետ սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածել ակումբի պարուհուն, որպես զենք օգտագործվող առարկայով` բարի խմիչքների շշերով, հարվածել են նրա մեջքին` կոտրելով շշերը: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, պարուհին մատուցողուհու հետ վազել է դեպի խոհանոց, իսկ ամբաստանյալն ու նրա հետ եղած անձը գնացել են նրանց հետևից, ճանապարհին բռունցքով հարվածել ակումբի հավաքարարի դեմքին, ապա հասնելով մատուցողուհուն` բռունցքով հարվածել նրա գլխին, ոտքերով և ձեռքերով հարվածել նրա դեմքին, կոտրել և վնասել ակումբի գույքը, ապակիները, շշերը: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված):
Գործով չեն բացահայտվել պարուհին և ամբաստանյալի հետ եղած անձը:
Ըստ դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ ինքը 2014թ. մարտի 9-ին Գյումրու Տերյան 99/5 հասցեում գտնվող ժամանցի վայրում խուլիգանություն չի կատարել, ոչ մեկին չի հայհոյել, շշերով չի հարվածել, որևէ մեկին մարմնական վնասվածք չի պատճառել: Ինքն այս գործի հետ ընդհանրապես կապ չունի: Գործը սարքել են Ոստիկանության աշխատակիցները՝ տուժողներից և վկաներից ցուցմունքներ կորզելով:
Դատարանն իր վճռում նշել է, որ դիսկո ակումբի մատուցողուհին, ով տուժող է ճանաչվել, ցուցմունք է տվել, որ ակումբում համակարգչի անսարքության պատճառով երաժշտություն չի եղել, և ամբաստանյալը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է ընդհանուր բնույթի սեռական հայհոյանքներ տալ: Ժամը 01:00-ի սահմաններում ամբաստանյալը մոտեցել է պարուհուն, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ինքը լսել է ապակու կոտրվելու ձայն և հասկացել, որ պարուհին ինչ-որ բան է նետել ամբաստանյալի ուղղությամբ, իսկ հետագայում պարուհուց իմացել է, որ ամբաստանյալը, մոտենալով նրան, փորձել է ձեռք տալ հետույքին, հայհոյել է, թքել վրան, իսկ նա էլ մոխրամանը նետել է ամբաստանյալի ուղղությամբ:
Ըստ տուժողի՝ դրանից հետո ամբաստանյալն ու նրա ընկերը սկսել են ձեռքերով և ոտքերով հարվածել պարուհուն, բարի խմիչքների շշերով հարվածել են նրա մեջքին` կոտրելով շշերը: Ինքն ու պարուհին վազել են դեպի խոհանոց, սակայն ամբաստանյալն ու նրա ընկերը եկել են իրենց հետևից, ամբաստանյալը բռունցքով հարվածել է իր գլխին, ինքը փախել է խոհանոց, ամբաստանյալը և նրա ընկերը եկել են իր հետևից, ոտքերով և ձեռքերով հարվածել իր դեմքին, որի հետևանքով քթից արյուն է եկել, ապա ինքը գնացել է զուգարան` լվացվելու, և տեսել է կնոջ, որը ձեռքով բռնած է եղել ծնոտը, ինչից էլ հասկացել է, որ նրան էլ են հարվածել, և վազելով դուրս է գնացել ակումբից:
Ըստ դատարանի վճռի՝ դատական նիստում տուժողն իր տված ցուցմունքում կատարել է որոշ փոփոխություններ՝ նշելով, որ ինքը չի հիշում, թե իրեն կոնկրետ ով է հարվածել: Ամբաստանյալի անունը քննիչի մոտ տվել է, թե ոչ, լավ չի հիշում, չնայած ցուցմունքը գրել է իր ձեռքով:
Մյուս տուժողը, ով ակումբի հավաքարարը և աման լվացողն է եղել, ըստ դատարանի վճռի, նախաքննությամբ ցուցմունք է տվել, որ լսել է հայհոյանքի ձայներ ու տեսել, որ երկու տղաներ գալիս են դեպի բարի կողմը: Ինքը փորձել է ներքև իջնել, սակայն այդ տղաները՝ հասնելով իրեն, նրանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին, որի հետևանքով ընկել է բազմոցին և տեսել, որ դեմքից արյուն է գալիս, անմիջապես իջել է ներքև՝ լվացվելու, և քիչ անց եկել է նաև մատուցողուհին, ում քթից արյուն է եկել: Վերջինս ասել է, որ իրենց երկուսին էլ ամբաստանյալն է հարվածել: Ինքը զանգահարել է ակումբի տնօրենին, պատմել կատարվածի մասին, նա էլ ասել է, որ արդեն տեղյակ է և ակումբ է գալիս: Դրանից հետո ինքը դուրս է եկել ակումբից և գնացել տուն:
Դատական նիստում տուժողն իր տված ցուցմունքում կատարել է որոշ փոփոխություններ՝ նշելով, որ ինքը չի նկատել, թե իրեն ով է հարվածել, եղել է խառնված վիճակ, և չի նկատել՝ ով ում է խփել: Ինքն այդ պահին իջել և փախել է: Միգուցե իրեն չեն հարվածել, այլ փախչելու պահին կպել է ինչ-որ տեղի: