Բաժիններ՝

Վլադիմիր Նաբոկովի անհայտ հարցազրույցը. «Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ռեժիմ, եթե բանականությունս ու մարմինս ազատ լինեն…»

1970 թ. Վլադիմիր Նաբոկովը համաձայնեց հարցազրույց տալ իսրայելցի լրագրող Նուրիտ Բերեցկուն՝ Իսրայելի խոշորագույն օրաթերթի՝ «Մաարիվի» աշխատակցուհուն, որտեղ այն արդյունքում և տպագրվեց։

Հարցերը Բերեցկին գրավոր էր ուղարկել, գրավոր էլ Նաբոկովը պատասխանեց, սակայն պատասխանները փոխանցեց անձամբ, երբ նրանք հանդիպեցին Շվեյցարիայում։

Այս հարցազրույցը երկար տարիներ պահվում էր Նաբոկովի արխիվում, և առաջին անգամ անգլերենով լույս տեսավ 2015 թ. փետրվարի 13-ին։ Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցը.

– Ինչո՞ւ  եք Դուք ապրում Շվեյցարիայում։

Կարդացեք նաև

– Այստեղ ինձ համար հարմար է։ Ինձ դուր են գալիս լեռներն ու հյուրանոցները։ Ես տանել չեմ կարողանում գործադուլներն ու խուլիգաններին։

– Դուք Ձեզ դեռևս արտաքսվա՞ծ եք զգում։

– Արվեստն ինքնին արտաքսում է։ Մանկության տարիներին Ռուսաստանում ես ինձ օտար էի զգում ուրիշ երեխաների շրջապատում։ Երբ ֆուտբոլ էինք խաղում, ես դարպասապահ էի, իսկ բոլոր դարպասապահներն արտաքսվածներ են։

– Կարո՞ղ է արդյոք օտար երկիրը Հայրենիք դառնալ։

– Ամերիկան իմ խորթ հայրենիքն է, պարզապես այն տան մասին իմ պատկերացումներին ամենահամապատասխանն էր։

– Փախստականն այն մարդն է, ով արմատներ չունի՞:

– Արմատների բացակայությունն այնքան կարևոր չէ, ինչքան լի և շատ հաճելի դատարկության մեջ աճելու և ծաղկելու թույլատրելի հնարավորությունը։

– Ո՞ր լեզվով եք Դուք մտածում, հաշվում և երազներ տեսնում։

– Որևէ լեզվով չեմ մտածում։ Ես մտածում եմ պատկերացումներով, և հենց այդ պահին լեզվիս վրա են գալիս կարճ բառային ձևակերպումներ 3 լեզուներից որևէ մեկով, որոնց ես տիրապետում եմ, ասենք՝ «damn those trucks» կամ «espèce de crètin»։ Իսկ երազներ տեսնում և բոլոր հաշվարկներս անում եմ ռուսերենով։

– Տարբերություն կա՞ Ձեր՝ անգլերեն կամ ռուսերեն գրելու միջև։ Դուք նորից ռուսերեն կգրե՞ք։

 

– Ավելի քան կես դարի ընթացքում գրած իմ արձակում և պոեզիայում ես այդ տարբերության բազում օրինակներ եմ ցույց տվել ինչպես՝ քողարկված, այնպես էլ՝ գեղարվեստական արտահայտություններով։ Թող գիտնականները դա հետազոտեն։

Ես նախկինի պես ռուսերեն թարգմանություններ եմ անում և երբեմն բանաստեղծություններ գրում։

– Ինչո՞ւ  եք Դուք գրում։ Զուտ այդ պրոցեսը Ձեզ համար ուրախությո՞ւն է, թե՞ տառապանք։

– Երբ ես գրում եմ, ես բացարձակապես անտարբեր եմ պատմական, մարդասիրական, կրոնական, սոցիալական և կրթական թեմաների նկատմամբ։ Այդ պատճառով էլ չեմ կարող ասել՝ ինչու եմ ես դա անում։

Ինչ վերաբերում է տառապանքին և ուրախությանը, ես ոչինչ չունեմ ավելացնելու Ֆլոբերից հետո, որն այդ մասին գրել է իր նամակներում։

– Որքա՞ն ուժեղ են Ձեզ տպավորում Ձեր ստեղծած կերպարները գրելու ընթացքում։ Դուք շարունակո՞ւմ եք մտորել նրանց մասին՝ գրքի տպագրվելուց հետո։

– Ես կասկածներ ունեմ, որ Ադամի և Եվայի նկատմամբ Աստծո հետաքրքրությունը չափազանց անկեղծ ու տևական չէր՝ չնայած, իհարկե, նրա կողմից արտակարգ աշխատանք էր կատարվել։ Ես Էլ եմ բացարձակապես հեռացած իմ հերոսներից՝ թե՛ աշխատելու ընթացքում, թե՛ դրանից հետո։

– Ինչպե՞ս Դուք կուզեիք, որ Ձեր գրքերը կարդային։ Դուք Ձեր ընթերցողների մասին մտածո՞ւմ եք։

– Ես չեմ սպասում, որ իմ ընթերցողներից ինչ-որ մեկն իմ ստեղծագործություններն ավելի լավ պիտի իմանա, քան ես։ Բայց եթե գլուխը չի կարող կոնկրետ դետալների որոշակի տոկոս ըմբռնել, ուրեմն նա պարզապես վատ ընթերցող է։

– Դուք Ձեր հին գրքերը վերընթերցո՞ւմ եք։

– Ես պարտավոր եմ դրանք վերընթերցել մի քանի անգամ՝ վերահրատարակելու դեպքում ուղղումներ կատարելու համար։

– Ի՞նչ եք մտածում Ձեր գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերի մասին։

– Երկու ֆիլմեր՝ «Լոլիտան» և «Ծիծաղ մթության մեջը», արվել են առանց իմ հսկողության։ Արդյունքում՝ ստացվել են հոյակապ ֆիլմեր՝ հիանալի դերասաններով։ Բայց դրանք միայն հեռավոր նմանություն ունեն իմ գրքերի հետ։

– Ի՞նչն եք Դուք ձանձրալի համարում, և ի՞նչն է Ձեզ զվարճացնում։

– Եկեք ես Ձեզ դրա փոխարեն ասեմ, թե ինչն եմ ես ատում՝ երաժշտական ֆոնը, ձայնագրված երաժշտությունը, ռադիոյով, մագնիտոֆոնով հնչող երաժշտությունը, հարևան սենյակից եկող երաժշտությունը, մի խոսքով՝ իմ վզին փաթաթված ցանկացած երաժշտություն։

Ատում եմ նաև պրիմիտիվիզմն արվեստում՝ «աբստրակտ» անկապությունը, անգույն սիմվոլիկ պիեսիկները, անպետք հումքից պատրաստված աբստրակտ քանդակները, «ավանգարդ» բանաստեղծությունները և ուրիշ ակնհայտ միօրինակությունները։ Տանել չեմ կարողանում զանազան ակումբներ, միություններ, ընկերություններ և այլն։ Վերջին 25 տարիների ընթացքում ես երևի մոտ 2 տասնյակ անդամակցությունների պատվավոր առաջարկներ եմ մերժել։

Ատում եմ բռնակալությունը։ Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ռեժիմ՝ սոցիալիստական, միապետական, միայն այն պայմանով, որ մարմինս ու բանականությունս ազատ լինեն։

Չեմ սիրում շոշափել մետաքսե կտորը։ Ատում եմ կրկեսները, հատկապես կենդանիներով և օդում ատամներից կախված պինդ կանանց մասնակցությամբ համարները։ Չեմ ընդունում 4 դոկտորներին՝ դոկտոր Ֆրեյդին, դոկտոր Շվեյցերին, դոկտոր Ժիվագոյին և դոկտոր Կաստրոյին։ Տանել չեմ կարողանում հասարակական հետաքրքրությունները, ցույցերը, երթերը, կարճ բառարանները և կրճատված ուղեցույցները, լրագրողական անիմաստ հնարանքները, հիմար, անդուր իրերը՝ անընդհատ կորչող ակնոցի պատյան, պահարանի մեջ ընկնող կախիչ, փակովի անձրևանոց, կապիչների հանգույցներ, չսափրված ծակող այտ, գնացքում եղած երեխաներին, քնելու ընթացքը, մեկ էլ, երբ ձեռքս իմ սխալ գրպանն եմ մտցնում։

– Ի՞նչ եք մտածում Մերձավոր Արևելքի դրության մասին։

– Մի քանի ոլորտներ կան, ուր իմ գիտելիքները թույլ են տալիս ինձ էքսպերտ լինել՝ թիթեռների որոշ տեսակներ, Պուշկին, շախմատ խաղալու արվեստը, թարգմանություններ անգլերենից, ռուսերենից, ֆրանսերենից և հակառակը, բառախաղը, վեպերը, անքնությունն ու անմահությունը։ Մերձավոր Արևելքի մասին Ձեր հարցին ես կարող եմ պատասխանել՝ որպես կողքից դիտարկող։ Ես Ամերիկայի և Իսրայելի միջև մեծ ընկերության ջատագով եմ և հոգով միշտ և ամբողջությամբ Իսրայելի հետ եմ քաղաքական բոլոր հարցերում:

Թարգմանությունը՝  ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս