Կոալիցիոն բանակցություննե՞ր
Ավարտվեցին Ծաղկաձորում ընթացող «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն» թեմայով մարզերի ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները` կազմակերպված գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից: Դասընթացների նպատակն էր մարզային կուսակցական երիտասարդությանը զինել քաղաքական պրակտիկ գիտելիքներով և բանակցային կիրառական հմտություններով:
Ծրագրային վերջին օրը մեկնարկեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Դր. Նարեկ Գալստյանի դասախոսությամբ` «Կուսակցական ռազմավարություն. կուսակցության արտաքին ռազմավարությունը. Կոալիցիոն բանակցություններ» թեմայով, որի ընթացքում ներկայացվեցին ռազմավարության տեսակները, նպատակները, խնդիրները և դրանց որոշման փուլերը: Դասախոսության ավարտին գործնական աշխատանքի միջոցով երիտասարդները փորձեցին կիրառել կոալիցիա կազմելու վերաբերյալ ստացած գիտելիքները:
2-րդ դասախոսությունը` «Քաղաքական հաղորդակցության դերը կուսակցական գործունեությունում» թեմայով, ներկայացրեց ՀՀ Կառավարման ակադեմիայի դասախոս Դր. Ռոման Մելիքյանը, ով զուգահեռ իրադարձային ուսումնասիրությունների միջոցով փոքրիկ թեմատիկ մրցույթներ անցկացրեց` հաղորդակցության ընկալման մակարդակի և ձևի ստուգման նպատակով:
Օրվա 3-րդ դասախոսությունը վերաբերում էր ՀՀ-ում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումներին: Այն հարցուպատասխանի տեսքով վարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Դրան հաջորդեցին ևս 2 դասախոսություններ: ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Դր. Ռուբեն Աղուզումցյանը երիտասարդներին ծանոթացրեց քաղաքական բանակցության ոսկե կանոններին, իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Աշխեն Բեգլարյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակության էությունը և առաջնորդության դերը վերջինիս գործունեությունում:
Նախաձեռնության ավարտին երիտասարդները պարգևատրվեցին հավաստագրերով և կիսվեցին դրական տպավորություններով` նշելով, թե որքանով են կարևորում նման ծրագրերի անցկացումը երիտասարդ կուսակցականների շրջանում և թե ինչպիսի գիտելիքներով ու հմտություններով են հեռանում, ինչպես նաև խոստացան ստացած գիտելիքներով կիսվել կուսակից մյուս ընկերների հետ և արդյունավետորեն կիրառել գործնականում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն