Բաժիններ՝

Ինչպես է Ոստիկանությունը վնասազերծել շորթում կատարողներին, որոնք սպառնացել էին՝ «հաջորդ անգամ գրանատը ռասծյաշկայով կլինի»

Փետրվարի 20-ին, ժամը 03:40-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրազենից կրակոցներ էր արձակել Երևանի Նորքի տներից մեկի` առաջին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Քննության ընթացքում ի հայտ եկավ տանտիրոջը հասցեագրված մի երկտող: Համակարգչով տպված տեքստում նամակագիրը նշում էր, թե ինքն է կրակողը, և պահանջում էր` գնել նոր հեռախոսահամար, այն գրել «ԱՏՍ»-ի շենքի մոտ գտնվող կանգառի ապակիների վրա, որից հետո այդ հեռախոսահամարով նա կկապվի տանտիրոջ հետ, որպեսզի նրանից ստանա 32 հազար դոլար, այլապես սպառնում էր վնասել թե նրան, թե ընտանիքի անդամներին:

Մարտի 2-ի առավոտյան նույն տան դարպասի բռնակին հայտնաբերվում են մետաղյա լարով ամրացված «ՌԳԴ-5» տեսակի նռնակ և պայթուցիչ: Տանտիրոջը հասցեագրված նոր նամակում էլ նշվում էր, թե «Հաջորդ անգամ գրանատը ռասծյաշկայով կլինի»:

Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները պարզում են կասկածյալների ինքնությունը` եղբայրներ, Նորքի բնակիչներ` 1960 թ. ծնված Սարգիս և 1965 թ. ծնված Հայկ Հայրապետյաններ:

Սարգիս Հայրապետյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեքենայի մեկ զույգ համարանիշ, իսկ նրան պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող քարի արտադրամասի խուզարկությամբ հայտնաբերվում և առգրավվում են` երեք ինքնաձիգ, «ՌՊԳ» տեսակի մեկ նռնականետ՝ փամփուշտով, ինքնաձիգի 15 պահունակ` լիցքավորված, ինքնաձիգի 700 փամփուշտ, գազային մեկ ատրճանակ, տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ:

Նրա եղբոր` Հայկ Հայրապետյանի տնից հայտնաբերվել են համակարգիչ ու տպիչ, որի վրա առկա թղթին տպված էր տուժած տանտիրոջ հասցեն, նաև ինքնաշեն մեկ հրացան:

Մարտի 21-ին Սարգիս Հայրապետյանը «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ Հայկ Հայրապետյանը` Նորքի իր տնից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս