Բաժիններ՝

Միջհամայնքային միավորումների ծրագրին առաջինը դեմ են լինելու գյուղապետերը. Վահագն Խաչատրյան. hayeli.am

Միջհամայնքային միավորումներ ստեղծելու կառավարության նախաձեռնությունը ստեղծված իրավիճակում տեղական ինքանկառավարման ոլորտի ծախսերն օպտիմալացնելու և առավել արդյունավետ դարձնելու փորձ է: Hayeli.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով միջհամայնքային միավորումներ ստեղծելու կառավարության` մարտի 19-ին կայացված որոշումը, ասել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի հիմքում դրված են միջազգային փորձն ու ֆինանսական շատ լուրջ հաշվարկներ, որոնք կարող են նպաստել տեղական նշանակության խնդիրների արդյունավետ լուծմանը և տեղերում ներդրումային ծրագրերի իրագործմանը.

«Ակնհայտ է, որ այժմյան վիճակում համայնքներն ու տեղական ինքնակառավարման համակարգը կայացած չեն, և պետք է ինչ-որ բան անպայման արվի, որ այդ համակարգը կայանա: Բայց ժամանակահատվածը ճիշտ չի ընտրված, իշխանության նկատմամբ հանրության վստահությունը զրոյական է, չկա նաև վստահություն ընտրական գործընթացների հանդեպ, և նման պայմաններում ամենագեղեցիկ գաղափարն անգամ կարող է արժեզրկվել և չարիքի վերածվել»,- ասել է Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքն այս խնդրին ծանոթ է խորությամբ և, իբրև մասնագետ, մասնակից է եղել նաև ծրագրի քննարկումներին:

Հարցին՝ ինքը հավատո՞ւմ է, որ այսօր Հայաստանում կարող են լինել գյուղեր, որտեղ մարդիկ հանրաքվեով ինքնակամ կհամաձայնվեն, որ իրենց գյուղը միանա հարևան գյուղին, Վահագն Խաչատրյանը պատասխանել է. «Հավատում եմ, եթե լինեն նորմալ իշխանություններ: Եթե իշխանությունը վստահություն ունենա հանրության մոտ, կկարողանա նաև այս բոլոր հարցերը ճիշտ բացատրել և ներկայացնել, որպեսզի մարդիկ էլ հավատան: Ի վերջո օբյեկտիվորեն պետք է հասկանալ նաև, որ համայնքները զարգացում պիտի ապրեն՝ այլ ճանապարհ չկա»: Այնուամենայնիվ, ըստ Վահագն Խաչատրյանի, մայիսին նախատեսված միջհամայնքային միավորում ստեղծելու առաջին հանրաքվեն կարող է տապալվել, որովհետև իշխանությունը ճիշտ ժամանակահատված չի ընտրել ռեֆորմի համար, իսկ սա այն դեպքն  է, որ պարտադրանքով արդյունքի հասնել հնարավոր չէ: Վահագն Խաչատրյանը դժվարացավ ասել, թե Հայաստանում միջհամայնքային միավորումներ ստեղծելու ո՛ր երկրի փորձը կամ մոդելն է ներդրվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս