Օսկանյանը վայր կդնի՞ մանդատը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե մյուս շաբաթ մեկնարկող Աժ քառօրյային ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վայր կդնի՞ իր մանդատը։
Նա նեղ շրջապատում վերջին դեպքերից հետո հայտնել էր մանդատը վայր դնելու իր ցանկության մասին, սակայն տարբեր անձանց միջոցով սկսված բանակցությունների արդյունքում հասել էին նրան, որ Օսկանյանն առայժմ հայտարարել է միայն ԲՀԿ-ից դուրս գալու մասին՝ առկախելով մանդատը դնելու ցանկությունը։
Այժմ նախկին արտգործնախարարը լռում է մանդատը դնել-չդնելու վերա-բերյալ, և դժվար է ասել՝ իսկապես նա կանի՞ այդ քայլը մյուս շաբաթ, թե՞ ոչ, իսկ գուցե նման լուրեր տարածում են ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ կանգնածնե՞րը։
ԲՀԿ համամասնական ցուցակով պարզ չէ, թե ո՞ւմ բաժին կհասնի թափուր մնալու ենթակա մանդատը, քանի որ ցուցակի բազմաթիվ ներկայացուցիչներ դե յուրե կամ դե ֆակտո կապ չունեն ԲՀԿ-ի հետ։
Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ում որևէ մանդատի թափուր լինելու դեպքում կառաջնորդվեն ոչ թե ցուցակի հորիզոնականներով, այլ դա կհարմարեցնեն իրենց, այնպես որ, մանդատը բաժին հասնի «Կասեցում» շարժման ակտիվիստ, ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանին»։
Կարդացեք թերթի այսօրվա համարում։