Կինը մի քանի րոպե հայհոյել է բժշկական կենտրոնում, ձեռքով հարվածել և ճանկռել բժշկուհու ձեռքը
Դատարան է ուղարկվել Երևանի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մորը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով, շտապօգնության ավտոմեքենայով ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բժշկական օգնություն ստանալուց և հիվանդի առողջական վիճակը կայունանալուց հետո, բշկական անձնակազմից պահանջել է նշանակել ստացիոնար բուժում և տրամադրել համապատասխան տեղեկանք, սակայն չընդունելով բժշկական անձնակազմի մասնագիտական և միաժամանակ բացասական պատասխանը, բժշկական կենտրոնի ընդունարանում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հավաքված բժշկական անձնակազմի և այդ պահին բժշկական օգնության դիմած անձանց նկատմամբ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ապա անտեսելով ներկաների դիտողությունները և շարունակելով խուլիգանական գործողությունները վիճաբանել է հերթապահ բժշկուհու հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքով հարվածել և ճանկռել է նրա աջ ձեռքը, այնուհետև անտեսելով նաև խուլիգանական գործողությունները դադարեցնելուն ուղղված հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնողի դիտողությունները, շարունակել է բարձրաձայն հայհոյանքներ տալ և դիմադրություն ցույց տալով, բռնել է վերջինիս հագուստի օձիքից, թափահարել, ապա ձեռքով հարվածել պահպանության պարտականություն իրականացնողի կրծքավանդակին:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: