Կա՞ արդյոք որևէ կապ Սերժ Սարգսյանի հայտարարության և սահմանի լարված իրավիճակի միջև
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարած իրավիճակը շատերը պայմանավորում են նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 18-ին արած այն հայտարարության հետ, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Նշենք, որ երեկ տեղի ունեցած դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 4 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը, որոշ տեղեկություններով՝ 14:
Հիշեցնենք նաև, որ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ ավելացնելով, որ «դա խնդիր է, և այն պետք է լուծում ստանա»:
«Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական կայքի համակարգող, ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ որևէ կապ չկա նախագահի հայտարարության և սահմանի լարված իրավիճակի միջև, որովհետև, ըստ նրա՝ սահմանում միջադեպերը պարբերաբար են տեղի ունենում՝ անկախ հայտարարություններից. «Նաև չեմ կարծում, որ ինչ-որ ձևով համաձայնեցված է ինչ-որ դժգոհ կողմերի հետ: Ցավոք, սահմանում անընդհատ միջադեպեր լինում են, տարին սկսվել է բավականին լարված, կարելի է ասել, որ վերջին տարին ամենաշատ կուրստներով սկսված տարին էր: Իսկ դժգոհությունը զենքի մատակարարումներից՝ բնական ու տրամաբանական է»:
Հարցին՝ այդ դեպքում՝ ինչո՞վ եք պայմանավորում այս լարված վիճակը, Կ. Վրթանեսյանը պատասխանեց, որ Ադրբեջանի քաղաքականությունն այս իրավիճակում հոգեբանական ճնշում գործադրելն է: «Այսինքն՝ իրենք թե՛ ռազմական միջոցներով, թե՛ տեղեկատվական միջոցներով՝ ինչ-որ ուղերձ են հասցնում: Իսկ այդ ուղերձն այն է, որ մենք պետք է Ղարաբաղը հանձնենք, հակառակ դեպքում՝ իրենք կշարունակեն հարձակվել: Ընդ որում, իրենք ավելի մեծ կորուստներ են կրում, բայց իրենք իրենց կորուստների մասին չեն հայտնում: Իրենց նպատակը մեզ համոզելն է, որ մենք ինչ-որ բան չունենք, անելանելի վիճակում ենք, ինչը, իհարկե, այդպես չէ: Ուղղակի իրենք անընդհատ փորձում են էսկալացիա անել՝ հոգեբանական ճնշում գործադրելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանգամանքը կարո՞ղ է նշանակություն ունենալ, փորձագետը պատասխանեց, թե հակված չէ զուգահեռներ անցկացնել:
Հարցին էլ՝ գուցե հայկական կողմը նման իրավիճակներում համարժեք պատասխան չի՞ տալիս, դրա համար էլ պարբերաբար կրկնվում են նման իրավիճակները, Կ. Վրթանեսյանը պատասխանեց, թե հայկական կողմից պատասխանները լինում են, և կորուստներն ադրբեջանցիների մոտ ավելի շատ են, քան մեզ մոտ. «Ուղղակի, օգոստոսյան իրադարձություններից հետո ադրբեջանական կողմը պաշտոնապես արգելել է իրենց կորուստների մասին տեղեկություններ հայտնել: Նրանք հայտնում են իրենց կորուստների 20-30%-ը, առավելագույնը՝ 40 %-ը»: