Ադրբեջանի պահվածքը ՌԴ-ի հանդեպ Ռուսաստանին կստիպի լսել Սերժ Սարգսյանի փաստարկները զենքի գործարքների վերաբերյալ. Կոլերով
«Ադրբեջանին ծանր սպառազինություն վաճառելը Ռուսաստանի կողմից սխալ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը` անդրադառնալով Հայաստանում «Եվրոպական շաբաթի» ընթացքում ՌԴ-Ադրբեջան զենքի գործարքների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումներին, ապա՝ նրա կատարած այցին Բրյուսել:
Նա նշեց, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները վերջին գրեթե բոլոր տարիների ընթացքում հստակ և կոշտ են արտահայտվել զենքի գործարքների վերաբերյալ, և Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը ոչինչ չի ավելացնում այդ հայտարարություններին: Պարզապես, ըստ վերլուծաբանի, այդ թեմային անդրադառնալու նոր պատճառը Սերժ Սարգսյանի համար ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումն էր:
«Ես գիտեմ, որ վերջին ութ տարիների ընթացքում իրականացվում է Ռուսաստան-Ադրբեջան պայմանագիրը Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարման, այդ թվում և՝ ծանր զենքի մատակարարման մասին: Պարզ է, որ սկզբունքորեն դա չի փոխում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, իսկ քաղաքականապես հակասում է ՀԱՊԿ շրջանակում Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ոգուն: Կարծում եմ, որ Ռուսաստանից Ադրբեջան ծանր սպառազինության մատակարարումը սխալմունք է: Դա Ռուսաստան-Ադրբեջան երկխոսության համար մի միլիմետր, մի գրամ հավելյալ տարածք չի ստեղծի, չի ստեղծի բարոյաքաղաքական պարտավորություններ Ադրբեջանի մոտ: Ավելին, Ադրբեջանի խորհրդարանականները կշարունակեն ռուսատյաց, հակապուտինյան հռետորաբանությունը, ԶԼՄ-ները, որոնք, ինչպես հայտնի է, կտրուկ կերպով վերահսկվում են անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ կշարունակեն ռուսատյաց քաղաքականությունը: Սակայն Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ես նոր նոտա լսեցի այն մասին, որ այդ խնդիրը ոչ միայն գոյություն ունի, այլև այն պետք է լուծվի: Ես կարծում եմ, որ արդեն այսօր Հայաստանը, օգտագործելով Ռուսաստանի հետ գործընկերության շրջանակում ունեցած իր ձևաչափերը` ՀԱՊԿ-ն, ԵՏՄ-ն, երկկողմ պայմանագրերը, հիմնավորված, օրինավոր կերպով հարց կդնի Ռուսաստանի առջև այն մասին, որպեսզի նման տեսակի նոր պայմանագրեր Ադրբեջանի հետ չկնքվեն»,- նման տեսակետ հայտնեց Մոդեստ Կոլերովը:
Նրա համոզմամբ, նման հայտարարության պատճառը Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կամ Հայաստանում անցկացվող եվրոպական միջոցառումները չեն եղել: Ավելին, նրա խոսքով, այդ այցը որևէ դերակատարություն չունի, քանի որ ԵՄ-ն բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ իր վրա պարտավորություն չի վերցնելու տարածաշրջանում Հայաստանի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: «Այն բոլոր հույսերը, թե Բրյուսելը Հայաստանին կօգնի, ուտոպիական են»,- ընդգծեց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդականը:
Հարցին, թե Հայաստանի կողմից դրված նման հարցն արդյո՞ք կընդունվի ՌԴ իշխանությունների կողմից` նա պատասխանեց՝ ասելով, որ Ադրբեջանի երկակի, թշնամական պահվածքը Ռուսաստանի հանդեպ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ղրիմի շուրջ, կստիպի Ռուսաստանին ավելի ուշադիր լսել Հայաստանի հիմնավորված և օրինական փաստարկները: «Ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում Հայաստանի և Ռուսաստանի երկխոսությունն այս հարցի շուրջ հնարավոր է»,- նկատեց Մոդեստ Կոլերովը:
Հիշեցնենք, որ երեկ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը, և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»: