«Սերժ Սարգսյանը միացավ մեզ». Ազատ Արշակյան
«Հայտարարությունը սպասելի էր, հայտարարությունն արձանագրեց այն, ինչ արդեն կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարության մասին:
Հիշեցնենք, որ երեկ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Ըստ Ա. Արշակյանի՝ Ռուսաստանի՝ ՀՀ-ի հակառակորդին զենք մատակարարելու պրակտիկան արդեն բացասաբար է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, ուղղակի նախագահն արձանագրեց դա. «Ինքը միացավ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհանգստացած էին դրանով, ինքը, այսպես ասած, միացավ մեզ: Ես կարծում եմ՝ դաշնակցային հարաբերությունները պարտադրում են որոշակի վարքագիծ, այդ վարքագծի մեջ անպայման մտնում է նաև՝ բարեկամի թշնամուն համարել թշնամի»:
Հարցին՝ իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց հիմա նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահը, Ա. Արշակյանը պատասխանեց, որ դրա համար կա երկու պատճառ.
«Նախ, արդեն այդ զենք մատակարարելու բիզնես-ծրագիրը հանդուրժելու սահմանն անցել էր: Երկրորդ՝ ենթադրում եմ՝ Ռուսաստանում տիրող քաղաքական վիճակը, Ռուսաստանի կարգավիճակն աշխարհում մեզ դարձրել է ավելի համարձակ: Կարծում եմ, որ դա համարձակության, ինքնուրույնության ակցիա էր: Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, հիմա ստացանք ազդանշան, որ մենք հիմա ավելի ազատ և ավելի գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, քան մի կամ երկու տարի առաջ էր, կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ: Հիմա մեր հարաբերություններն ավելի հավասարների հարաբերություններ են, ոչ՝ ինչպես առաջ էր»:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիս ամսին Աստանայում տեղի է ունենալու ԵՏՄ մյուս 3 երկրների հանդիպումը, որին մասնակցելու հրավեր չի ստացել Հայաստանը:
Ա. Արշակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Ս. Սարգսյանի այս հայտարարությունը չէ՞ր նշանակում, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումն շրջելի գործընթաց է, և հնարավոր է՝ Հայաստանը գնա այլ՝ եվրոասոցիացման ճանապարհով: Ա. Արշակյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի այս հայտարարությունը նաև պատասխան էր.
«Համապատասխան վարքագծին մենք արձագանքեցինք: Իհարկե, մենք պետք է լիարժեք անդամը լինենք այդ կազմակերպության, ես կարծում եմ, որ եթե մենք ընդգրկված ենք, մենք աղքատ ազգական չենք, շատ հնարավոր է՝ նրանք մեզանից ավելի շատ են ստանում, քան տալիս են մեզ: Ես համարում եմ, որ դա նաև զգուշացում էր այդ եռյակին, որ՝ ձեզ լուրջ պահեք, լրջացեք, մեզ հետ լուրջ վարվեք»:
Ա. Արշակյանը նաև կարծում է՝ ԵՏՄ-ի մյուս 3 անդամների այդ վարքագիծը Հայաստանին տալիս է որոշակի ազատություն. «Այսինքն՝ եթե դուք կարող եք մեզանից առանձին ծրագրեր իրականացնել՝ լինելով մեր դաշնակիցն այդ խմբի մեջ, ուրեմն՝ մենք նույնպես իրավունք ունենք առանձին ծրագրեր ունենալ, որոնք կարող ենք ձեզ հետ համաձայնեցնել կամ չհամաձայնեցնել: Ես կարծում եմ՝ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները նոր թափ են ստանում, որովհետև կյանքը ցույց տվեց, որ դա մեզ անհրաժեշտ է՝ մեր տնտեսության և քաղաքական անվտանգության համար»: