Ռուսաստանն ու Հարավային Օսիան ստորագրել են դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիր
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Լեոնիդ Թիբիլովն այսօր ստորագրել են դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիր:
Փաստաթղթի ստորագրումից առաջ Պուտինն ու Թիբիլովը բանակցել են միմյանց հետո, որի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Անդրկովկասում կայունություն ու անվտանգություն ապահովելու ոլորտում աշխատանքների համակարգումը:
Պայմանագիրը նախատեսում է պաշտպանական ու անվտանգության միասնական տիրութի ձևավորում, պետական սահմանների ազատ հատում, մաքսային մարմինների ինտեգրում, ներքին գործերի մարմինների համագործակցության ընդլայնում, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգի դյուրացում, Հարավային Օսիայի քաղաքացիների համար աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, բժշկական ապահովագրության ապահովում:
Փաստաթուղթը բազային է Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև սոցիալական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանական ու անվտանգության հարցերում (Հարավային Օսիայի ինքնիշխանության պահպանմամբ) ավելի սերտ համագործակցության համար:
Պայմանագիրը ստորագրվել է 25-ամյա ժամկետով՝ հետագայում տասնամյակներով այն երկարաձգելու հնարավորությամբ: