105-ամյա Ազգանուշ տատը երկարակեցության իր բանաձևն ունի
Asparez.am-ը գրում է. Վանաձորցի Ազգանուշ Հովհաննիսյանը վերջերս տոնեց իր 105-ամյակը:
Ծնունդով ղարսեցի է, ավելի ուշ Հովհաննիսյանների ընտանիքը տեղափոխվել ու բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամուսինը մեկնել է ռազմաճակատ ու այլեւս չի վերադարձել:
Ազգանուշ տատը երեխաներին մենակ է մեծացրել: Պատերազմի, սովի ու խավարի տարիներին ամեն աշխատանք արել է, որպեսզի երեխաները հոր պակաս չզգան:
«Պետական կոլխոզ էր, կաշխատեինք, ճակնդեղ է, կարտոլ է՝ կցանեինք: Երկաթգիծը կաշխատեի, Ջաջուռա թունելը կաշխատեի: Ձմեռը ձյունը կմաքրեինք: 8 ժամ ձյան վրա կմնայինք, կմաքրեինք: 41 թվին ախր տղամարդ չկար»,- ասում է Ազգանուշ տատը:
«Մայրս ստիպված է եղել ծանր աշխատանք կատարել՝ մեզ պահելու համար: Շատ մեծ չարչարանքով է մեզ պահել»,- պատմում է որդին՝ Վոլոդյա Հովհաննիսյանը:
1960-ականներին ընտանիքը տեղափոխվել է Կիրովական: Քաղաքային կյանքը, սակայն, Ազգանուշ տատի սրտով չէր: Մինչեւ վերջերս էլ նա հիշում էր իր՝ գյուղում թողած տունը ու մտահոգվում տարիներ կուտակած ու խնայբանկում դրած ավանդի վերադարձման մասին: Այս ամառ Ազգանուշ տատին վերջապես հաջողվել է ստանալ տարիների ընթացքում խնայածը:
«Տատը շատ հետաքրքիր ձեւով ծախսեց ստացած գումարը: Հավաքեց իր բոլոր հարազատներին, բարեկամներին ու մատաղ արեց»,- ասում է հարսը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը:
Ազգանուշ տատը 8 թոռ ու 19 ծոռ ունի: Թոռներից ու ծոռներից ամենասիրելին որդու զավակն է՝ Երվանդը:
Մեկդարյա կենսագրությամբ տատը երկարակեցության իր կանոններն ու գաղտնիքներն ունի. ամենօրյա աղոթք, առողջ սննդակարգ ու բնական թելից հագուստ:
«Կաթ է, մածուն է, ձու է, միս է, էդ կուտեմ: Խանութից չեմ ուտե: Շորս էլ բամբակ պիտի էղնի, չեղավ, չեմ հագնի»,- ասում է տատը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: