Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել 100 LIVES («100 կյանք») նախաձեռնությունը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել եւ բարձր է գնահատել 100 LIVES («100 կյանք») նախաձեռնությունը: «Բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը: Այն հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություն է, որը ոչ միայն միջազգային մակարդակով լուսարձակի տակ է բերում հայ ազգի զավակների հավատարմությունը նահատակների կտակին եւ բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը, այլեւ, վստահ ենք, որ մղիչ ուժ կհանդիսանա, որպեսզի միջազգային բարձր համբավ վայելող անձիք զորակցեն մեր ժողովրդին եւ մեզ հետ միասին պահանջեն մեր ոտնահարված իրավունքների ճանաչումը»,-ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:
«Հայրապետական օրհնության այս գիրով ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի ազգանվեր նախաձեռնությունը եւ մաղթում, որ այն հաջողությամբ պսակվի ու իրագործի իր նպատակը»,-նշվում է կաթողիկոսի ողջույնի խոսքում:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւս ողջունել են «100 կյանք» նախաձեռնությունը:
Նշենք, որ 100 LIVES (100Կյանք) նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով հարյուր հազարավոր հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։
100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Գնահատելով ու խոնարհվելով վերապրածների եւ նրանց փրկողների առաջ՝100 LIVES նախաձեռնությունն սահմանել է «Ավրորա» մրցանակ՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու եւ խրախուսելու նպատակով:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին