Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Մարտի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկուն: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ողջունելով դեսպանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց վերջինիս նշանակման առիթով: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ տիար Եժի Նովակովսկու դիվանագիտական գործունեությունը նոր խթան կհանդիսանա հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձան հայ ու լեհ ժողովուրդների պատմական կապերին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա սերտ գործակցությանը: Իր խոսքում Նորին Սրբությունը գնահատանքով նշեց այն աջակցությունը, որ բարեկամ երկրները, որոնց թվում և Լեհաստանը, ցուցաբերել են Հայաստանին երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ճանապարհին: Խոսելով Լեհաստանի հայ համայնքի մասին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց այն զորակցությունը, որ Լեհաստանի Կաթոլիկ Եկեղեցին ցուցաբերում է Հայ Եկեղեցուն հայ համայնքի հոգևոր կյանքի կազմակերպման նպատակով:

Իր հերթին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը հանդիպման համար շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` մասնավորապես շեշտելով Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների ունեցած կարևոր դերակատարությունը երկու երկրների ու ժողովուրդների կյանքում: Դեսպանը վստահեցրեց նաև, որ պետք է ըստ ամենայնի նպաստի հայ-լեհական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվեց նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում և Մայր Աթոռում կազմակերպվելիք Սրբադասման արարողությանը և ոգեկոչման միջոցառումներին Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցության հարցը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ

 

Տեսանյութեր

Լրահոս