Չինաստանի բուհերում սովորելու իրավունք է ստացել 11 դիմորդ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ազդարարել է միջպետական համաձայնագրի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթի հաղթողների անունները: Միջոցառմանը մասնակցել են բոլոր երեք` բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները: Ողջունելով և շնորհավորելով հաղթողներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի ՉԺՀ-ի բուհերում ուսումնառություն ստանալու իրավունք է ստացել 11 դիմորդ: Նախարարն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Արմեն Աշոտյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին:

«Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում աշխարհի բարձրակարգ բուհերի շարքում իրենց տեղն ունեն նաև Չինաստանի բուհերը, և պատահական չէ, որ տարեցտարի վերոնշյալ բուհերում սովորել ցանկացող հայ երիտասարդների թիվն ավելանում է»,- նշել է նախարարը` տեղեկացնելով, որ ավելի մեծ թվով դիմորդներ ցանկություն են հայտնել սովորել մագիստրատուրայում, ավելի քիչ` ասպիրանտուրայում:

Արմեն Աշոտյանը շեշտել է, որ այս տարվանից միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվելու բուհերի վարկանիշավորման համաշխարհային ճանաչում ունեցող կայքերի ըստ լավագույն ուսումնական հաստատությունների սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին:

«Դուք սովորելու եք Հայաստանի Հանրապետության անունից, դուք մեր «դեսպաններ» ենք արտերկրում և որպես միջազգային կրթաթոշակակիրներ` դուք պարտավոր եք պատվով ներկայացնել մեր երկիրը. ձեր ցուցաբերած բարձր առաջադիմության և վարքագծի շնորհիվ է նաև, որ արտերկրում պատկերացում են կազմում Հայաստանի մասին: Հավաստիացնում եմ ձեզ, որ հայրենիք վերադառնալուց հետո դուք կգտնեք համապատասխան աշխատանք, որովհետև որակյալ մասնագետը, այն էլ չինարենի իմացությամբ, միշտ էլ պահանջված է լինում»,- դիմելով մրցույթը հաղթահարած դիմորդներին` նշել է Արմեն Աշոտյանը` կրթաթոշակառուներին խորհուրդ տալով ուսումնառությունից ազատ ժամանակը նաև տրամադրել համապատասխան երկրներում Հայաստանի դեսպանատների և հայկական համայնքի աջակցությանը, մասնավորապես, ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ ազգային, պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

Միաժամանակ, նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով նախատեսված մրցույթներին:

Հանդիպման մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին` ստանալով սպառիչ պատասխաններ: Նշենք, որ միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս