Բաժիններ՝

ՏՄՊՊՀ-ն խախտումներ է արձանագրել «Հարավկովկասյան երկաթուղում»

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները:  Ընկերությունը երկաթուղային փոխադրումների ոլորտում ունի մենաշնորհային դիրք. Հանձնաժողովի ուսումնասիրության նպատակը մենաշնորհային դիրքի չարաշահման փաստերը բացահայտելն է: Տեղեկացնենք, որ ընկերությունը վերջին 3 տարիներին բարձրացրել է միջպետական և ներպետական բեռնափոխադրումների գները, ինչի հետ կապված ՏՄՊՊՀ մասնագետները համապատասխան գնագոյացման հաշվարկներ են իրականացրել:

17 տոկոսով ավելի բարձր գին՝ բեռնափոխադրումների համար:  Որոշ դեպքերում գնաճը մեծ չափով գերազանցում է ընկերության կողմից կատարված ծախսերին: Սկսած 2011 թվականից «Հարավկովկասյան երկաթուղին» պարբերաբար բարձրացնում է
բեռնափոխադրման գները: Ընդհանուր առմամբ ներպետական բեռնափոխադրումների գները 2011-2014 թվականներին ավելացել են 5-17 տոկոսով, իսկ միջպետականի դեպքում՝ մինչև 17 տոկոս:

Պարզվել է նաև, որ ընկերության կողմից կատարված գնային բարձրացումները ոչ միշտ են համահունչ ծախսերին: Այսպես.  2012 թվականին նախորդ տարվա համեմատ ընկերության ծախսերը 1 տոննա/կմ-ի հաշվով ավելացել են 5,4 տոկոսով, գինը՝ 4,8 տոկոսով: 2013-ին ծախսերը ավելացել են 2,5, իսկ բեռնափոխադրման գինը՝ 4,3 տոկոսով: Այսինքն եթե 2012-ին բեռնափոխադրման գները  0,6 տոկոսով
քիչ են բարձրացվել, ապա, փոխարենը 2013-ին 1,8 տոկոսով ավելի թանկ գին է սահմանվել:
Հանձնաժողովը հայտնաբերել է նաև մի շարք օրենսդրական խախտումներ.

ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ստուգվել է նաև ընկերության կողմից գործող օրենսդրության պահանջների կատարման փաստը: Պարզվել է, որ 2010 թվականից ի վեր, «Հարավկովկասյան երկաթուղին» չի համաձայնեցրել և չի հրապարակել ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը, օրենքով սահմանված կարգով  պարտավոր էր անել: Ընդ որում այդ տեղեկատվությունը ներառում է բազմաթիվ կարևորագույն տվյալներ, այդ թվում նաև ռազմավարական նշանակության ապրանքների՝ ցորենի, նավթամթերքի, երկաթուղային բեռնափոխադրումների առավելագույն սակագները, որոնք այս պարագայում չեն համաձայնեցվել: Բացի այդ, որոշ դեպքերում  «ՀԿԵ» ներկայացուցիչները, առանց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան լիազորագրերի, մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների միջև կնքվող երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունների սահմանման համաժողովներին:
Ընկերության կուտակած վնասը կազմում է 9,3 միլիարդ դրամ:

Ոսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հասույթի հիմնական մասը՝ մոտ 95%-ը ձևավորվում է ընդամենը 3 ապրանքների բեռնափոխադրումներից՝ հացահատիկ, նավթամթերք և հանքանյութ: Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ ընկերության կուտակած վնասը կազմում է 9,3 մլրդ դրամ, որն էլ ըստ ընկերության կողմից Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումների եղել է գնային բարձրացումների հիմնական պատճառը: Հանձնաժողովը ստուգել է նաև
կուտակված վնասի առաջացման պատճառներն ու հիմնավորվածությունը և պարզել, որ նման ծավալի վնասը  կոնցեսիոն պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից մինչ օրս կատարված շուրջ 91 մլրդ դրամի ներդրումների  հետևանք է: Ստացվում է, որ ներդրումների աճին զուգահեռ ավելանում  է նաև ընկերության վնասի չափը:
Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները  ընկերության կողմից կատարված ներդրումների արդյունավետությունը պարզելու նպատակով:  Բացի այդ, կուսումնասիրվի նաև գնումների կազմակերպման   գործընթացը, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» ազատ է իր գնումների քաղաքականությունը որոշելու հարցում և ինքնուրույն է տնօրինում, թե երբ, ումից  և ինչ գնով ձեռքբերում իրականացի:
Բացահայտումների փաթեթը կուղարկվի ոլորտը վերահսկող պետական կառույցին;

Հաշվի առնելով ընկերությունում ձևավորված խոշոր վնասի առկայության փաստը, Հանձնաժողովը որոշեց տալ նախազգուշացում  և պահանջել, որպեսզի այսուհետ «Հարավկովկասյան երկաթուղին»  հետևի մրցակցային օրենսդրության պահանջներին և զերծ մնա  չարաշահումներից:

Քանի որ բացահայտումների հիմնական մասը գտնվում է ոլորտը կարգավորող  մարմնի` ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության դաշտում, ուստի Հանձնաժողովի որոշմամբ ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի նախարարություն: Բացի այդ, ոլորտի կարգավորման, ինչպես նաև  ընկերության գործունեության կանոնակարգման նպատակով Հանձնաժողովը ձևավորել է ստեղծված իրավիճակի շտկման առաջարկություններ, որոնք ևս կտրամադրի շահագրգիռ կողմերին:

ՀՀ ՏՄՊՊՀ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս