Փաստն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ և եղել է այն, ինչ եղել է. Արմեն Մարտիրոսյան
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու որոշումը «Ժառանգության» ներսում քննարկվել է, ավելին քննարկվել է նաև, թե որ դեպքում պետք է մասնակցել հանդիպմանը, որ դեպքում՝ ոչ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է և եթե Հայաստանում լիներ կորոշեր՝ ի՞նքն է գնալու, թե՞ ոչ, իսկ հիմա. «փաստն այն է, որ Հովհաննիսյանը Հայաստանում չէ և եղել է այն, ինչ եղել է»:
Մարտիրոսյանը չցանակացավ մեկնաբանել կուսակից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած մեղադրանքը, թե՝ «Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը հավանաբար որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ են գնացել, միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել», նկատելով, որ նման հարցերը կքննարկվեն կուսակցության ներսում և, ըստ կուսակցության կարգապահության և կանոնադրության, կներկայացվեն հասարակությանը:
«Կուսակցության ներսում ոչ մի հակասություն չկա, կա միայն Զարուհի Փոստանջյանի խոսքը, որին ես հանգիստ եմ վերաբերում: Ես ընդունում եմ կուսակցության կարգապահությունը, ներկուսակցական հարցերը կուսակցության ներսում են քննարկվում»,- հայտնեց Մատիրոսյանը:
Նրա խոսքով, դեռևս երեկվա իրադարձությունների հետ կապված կուսակցությունում քննարկում չի եղել. «Ինչ վերաբերում է իմ քայլերին, ասեմ, որ 2013 թվականից սկսած ես դարձել եմ կուսակցության անդամ, եթե կլինի գեթ մեկ քայլ անկախ իր կարևորավորության աստիճանից, որ ես կուսակցության ծրագրին կամ որոշումներին հակառակ արած կլինեմ, ես պատրաստ կլինեմ կրել արժանի պատիժը»: