Մենք պատրաստում ենք արտգործնախարարների հանդիպում. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին.

«Շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հունվարի վերջից այն կայունացել է: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը, որպեսզի խաղաղության բանակցությունների համար ստեղծվի բարենպաստ մթնոլորտ:

Հանդիպումների ժամանակ նախագահները հաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանը հավտարիմ գտնվելն ու հայտարարել են, որ հաշվի կառնեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանն առնչվող առաջարկները:

Մեր առաջարկները կկանխեն միջադեպերը, որոնք կարող են նպաստել լարվածության աճին: Հուսով ենք, որ կողմերը կարող են համաձայնության գալ այդ և մյուս հարցերի շուրջ»: Երբ Ուորլիքին հարցրել են ադրբեջանցի դիվերսանտների մասին՝ նա նշել է.

«Ադրբեջանի երկու քաղաքացիներ դեռևս գտնվում են բանտում, մենք հավատում ենք, որ եթե կողմերն ազատեն կալանքի տակ պահվող անձանց, ապա դա կլինի հումանիտար կարևոր ժեստ: Բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը:

Հենց այդ պատճառով էլ համանախագահներն այցելում են Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են տեղի դե-ֆակտո ղեկավարության ու համայնքի մյուս անդամների հետ: Մենք պլանավորում ենք ընդունելի ժամկետում կազմակերպել արտգործնախարարների հանդիպում և սերտ շփումներ ենք պահպանում նրանց հետո:

Չնայած նրան, որ մենք այդօրինակ հանդիպումները համարում ենք օգտակար, հանդիպել-չհանդիպելու հարցը որոշում են իրենք՝ նախարարները: 2014 թվականի հոկտեմբերին փարիզյան հանդիպման ժամանակ նախագահները հայտարարեցին, որ նրանք կողմ են երկխոսության զարգացմանն այս տարի:

Համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ժամանակ նախագահները պատրաստակամություն հայտնեցին հանդիպել այս տարվա ընթացքում: Մենք արտգործնախարարների հետ հիմնավոր աշխատում ենք նրա վրա, որպեսզի նվազեցվեն կողմերի միջև տարաձայնություններն ու պատրաստվի նախագահների հերթական հանդիպումը»:

Սրանից առաջ էլ Ուորլիքը Twitter-ում գրել էր, որ համանախագահներն այսօր մեկնում են Մինսկ՝ քննարկելու համար ԼՂ-ի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս