Բաժիններ՝

Հոգեբանության 7 կանոն, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը

1. Հայելու կանոնը- Ինձ շրջապատող մարդիկ իմ հայելիներն են։ Նրանք արտացոլում են իմ սեփական անձի՝ հաճախ իմ կողմից չգիտակցվող առանձնահատկությունները։

Օրինակ, եթե որևէ մեկն ինձ կոպտում է, ուրեմն ես դա ուզում եմ, թույլ եմ տալիս։ Եթե ինչ-որ մեկն ինձ կրկին ու կրկին է խաբում, ուրեմն ես հակվածություն ունեմ ցանկացած մարդու հավատալու։ Այնպես որ, պետք չէ ոչ ոքից նեղանալ։

2. Ընտրության կանոնը- Ես գիտակցում եմ, որ շուրջս կատարվող ամեն ինչն իմ սեփական ընտրության արդյունքն է։ Եվ եթե ես այսօր շփվում եմ, ասենք, ձանձրալի մարդու հետ, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ես ինքս էլ այդքան ձանձրալի ու անհետաքրքիր մարդ եմ։ Վատ ու չար մարդիկ չկան. կան դժբախտ մարդիկ։ Ու եթե ես քչփորում եմ նրանց խնդիրները, ուրեմն դա ինձ դուր է գալիս։ Այնպես որ, ոչ մի պարտք ու պահանջ ոչ ոքից։ Ես ինքս եմ ինձ հետ կատարվածի պատճառը։ Մեր ճակատագրի հեղինակն ու կերտողներն ինքներս ենք։

3. Սխալվելու կանոնը- Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ կարող եմ և սխալվել։ Ոչ միշտ է, որ  իմ կարծիքն ու արարքներն ուրիշները պետք է ճիշտ համարեն։ Իրական կյանքը միայն սև ու սպիտակ գույները չեն. օրինակ, կան նաև բաց մոխրագույնն ու մուգ սպիտակը…

Կարդացեք նաև

Ես կատարյալ չեմ, ես ուղղակի լավ մարդ եմ և սխալվելու իրավունք ունեմ։ Կարևորն այն ընդունել կարողանալն է ու ժամանակին ուղղելը։

4. Համապատասխանության կանոնը- Ես ունեմ ճիշտ այն ու ճիշտ այնքան, ինչին համապատասխանում եմ. ոչ ավել, ոչ պակաս՝ լինի դա մարդկանց հետ հարաբերությունների, աշխատանքի թե փողի հետ կապված։

Եթե ես լիասիրտ չեմ կարող մարդուն սիրել, ուրեմն ծիծաղելի է նրանից պահանջել, որ այդ մարդը նույնքան ուժեղ ինձ սիրի։

Այնպես որ, անմտություն է սեր պահանջել, երբ դու այն չես տալիս։

Եվ երբ ես որոշում եմ փոխվել, փոխվում են նաև ինձ շրջապատող մարդիկ։

5. Կախվածության կանոնը- Ինձ ոչ ոք ոչինչ պարտք չէ։ Ես էլ իմ հերթին՝ անշահախնդրորեն կարող եմ օգնել նրանց, ում կարող եմ։ Եվ դա ինձ ուրախություն է պարգևում։ Որպեսզի բարի լինես՝ պետք է ուժեղ լինես։ Իսկ որպեսզի ուժեղ լինես՝ պետք է հավատաս ուժերիդ։ Իսկ ես հավատում եմ։ Բայցև պետք է կարողանաս երբեմն ասել՝ Ոչ։

6. Ներկա ժամանակի կանոնը- Ես ապրում եմ այստեղ և հիմա։ Անցյալը չկա, որովհետև ամեն յուրաքանչյուր վայրկյանը ներկա է։ Ապագան էլ չկա, քանզի այն դեռ չկա։

Կապվածությունն անցյալին հանգեցնում է ընկճախտի, իսկ ապագայով մտահոգությունը վախեր է ծնում։ Քանի դեռ ես ապրում եմ ներկայով՝ ես իրական եմ։

Իսկ սա ուրախանալու առիթ է։

7. Լավատեսության կանոնը- Քանի դեռ մենք դժգոհում ենք կյանքից՝ այն անցնում է մեր կողքով։ Աչքերը տեսնում են, ոտքերը քայլում են, ականջները լսում են, սիրտն էլ աշխատում է, իսկ հոգին՝ հրճվում։

Իմ ֆիթնեսն արևոտ ամառն է, մարգագետինն ու գետակը։ Քանի դեռ ես շարժվում եմ ու զգում քամու շունչը՝ ես ապրում եմ։ Իսկ երբ բազմոցին պառկած հեռուստացույց եմ դիտում կամ սոցցանցերով շփվում եմ ընկերներիս հետ, ես գտնվում եմ ոչ թե այս, այլ մի ուրիշ, այն աշխարհում։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս