Հաքան Ֆիդանը վերստին նշանակվել է թուրքական հետախուզության ղեկավար
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը վերստին նշանակվել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը:
Վերջինս Անկարայում մասնակցել է Էրդողանի հրավիրած կառավարության երկրորդ նիստին, որի արդյունքներով էլ ընդունվել է նման որոշում: Արընչն ընդգծել է, որ Հաքան Ֆիդանին MIT-ի ղեկավարի պաշտոնում հաստատել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով օրեր առաջ ընդունել էր նրա հրաժարականը:
Արընչի խոսքերով՝ Հաքան Ֆիդանը MIT-ի ղեկավարի պաշտոնում իր գործառույթների կատարմանը ձեռնամուխ կլինի մոտ ժամանակներս: Ֆիդանը հրաժարական էր տվել, որպեսզի դառնա պատգամավորական թեկնածու (Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 7-ին), որով և հարուցել էր նախագահ Էրդողանի խորը դժգոհությունը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Թուրքիայի արտգործնախարար (դրանից առաջ էլ՝ Թուրքիայի վարչապետ): Հաքան Ֆիդանը համարվում է Էրդողանի մտերիմներից, ով վերջին տարիներին շատ բան է արել հակաիսլամական ամրոց հանդիսացած MIT-ը ծնկի բերելու և չափավոր իսլամական իշխանություններին ենթարկեցնելու հարցում:
Բացի այդ, համարվում է, որ Հաքան Ֆիդանը շատ գաղտնիքներ գիտի Էրդողանի մասին և վերջինիս կարգադրությամբ՝ քանիցս գաղտնի բանակցություններ է վարել Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանի հետ: 2013 թվականի սկզբներին մամուլը գրեց, որ Հաքան Ֆիդանն ունի քրդական ծագում:
Հաքան Ֆիդանը MIT-ի փոխտնօրեն հանդիսացած ժամանակ (2009-2010) եղել է նաև արտաքին քաղաքականության գծով տվյալ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականը: Հաքան Ֆիդանը MIT-ի ղեկավար է նշանակվել 2010 թվականի մայիսի 25-ին: Ֆիդանը համարվում է Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի գծով մասնագետ, նա իր դոկտորական թեզը նվիրել է ամերիկյան, բրիտանական ու թուրքական հետախուզությունների համեմատական վերլուծությանը: