Բաժիններ՝

Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Թուրքիայի արտգործնախարար

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը (MIT) կարող է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից և դառնալ պատգամավորական թեկնածու:

Ընդգծվում է, որ Ֆիդանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կառավարությունում առանցքային դեր է խաղում անվտանգության ու կարգավորման («Քրդական հարց») գործընթացներում:

Այժմ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարող է նրա թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Չի բացառվում, որ Հաքան Ֆիդանը մինչև ընտրություններ նշանակվի Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում, իսկ ընտրություններից հետո դառնա Թուրքիայի արտգործնախարար:

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 7-ին: Գործող արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այլևս չի կարող դառնալ պատգամավորական թեկնածու, քանի որ նա հայտնվել է այն ավելի քան 70 (այդ թվում նաև ազդեցիկ) ԱԶԿ-ական պատգամավորների շրջանում, որոնց վրա տարածվել է «3 անգամվա արգելքը»:

Նախորդ տարի ԱԶԿ-ը որոշեց չփոխել իր ներքին կանոնակարգը, ըստ որի՝ կուսակցության անդամներն իրավունք չունեն 3 անգամից ավելի դառնալ պատգամավոր: Չավուշօղլուն պատգամավոր է դարձել 2002, 2007, 2011 թվականների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս