Էրդողանը դժգոհություն է հայտնել Հաքան Ֆիդանի հրաժարականի կապակցությամբ
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհություն է հայտնել երկրի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնից Հաքան Ֆիդանի հրաժարականի կապակցությամբ:
Էրդողանը հայտարարել է, որ Հաքան Ֆիդանի հրաժարականի կապակցությամբ արդեն իսկ խոսել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ. «Ես չեմ ողջունում Ֆիդանի հրաժարականը, և այնուամենայնիվ ես իրավունք չունեմ միջամտելու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գործերին»:
Թուրքիայում հետախուզության ղեկավարի հրաժարականն ընդունելու հարցը գտնվում է վարչապետի իրավասության ներքո: Հաքան Ֆիդանը հրաժարական է տվել փետրվարի 7-ին, Դավութօղլուն ընդունել է այն: Ֆիդանի հրաժարականը կապված է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Դավութօղլուի ու Էրդողանի միջև «սև կատու» է անցել` կապված խորհրդարանական ընտրությունների համար իշխող կուսակցության ընտրացուցակը պատրաստելու հետ: