Հայկական տոլման կճախրի աշխարհով մեկ
Ոչ հայաստանաբնակ հայերի համար ավանդական տոլման այլևս երազանք չի մնա. շուտով հայկական տոլման կհայտնվի աշխարհի ոչ միայն հայերի սեղաններին, այլև օտարազգիների, որոնք կճանաչեն մեր ազգային կերակուրը։ «Արարատ» սննդի կոմբինատը մարտի 2-ից կսկսի «Դոլմամա» ապրանքատեսակի արտադրությունը, և այս ամսվա վերջին հայ սպառողը կարող է ճաշակել ամբողջովին հայկական հումքից պատրաստված ուտեստը։
Որպես ընտանեկան բիզնեսի ներկայացուցիչներ` Երվանդ և Սարգիս Թարվերդյանները` «Արարատ» սննդի կոմբինատի սեփականատերերը, ընտրել են իրենց մոր` տոլմա պատրաստելու բաղադրատոմսը։ Եղբայրների խոսքով` ով իրենց տանը մայրիկի պատրաստած տոլման կերել է` համից չի կշտացել։ Ապրանքատեսակի անունն էլ պատահական չի ընտրված` «Դոլմամա», տարբեր լեզուներով այս անունը շատ հեշտ է հնչում, հետո նաև «մամա» բառն է իր մեջ պարունակում։ Չէ՞ որ շատերը տոլմա ուտելիս` առաջնային իրենց մայրերի պատրաստած տնական տոլման են պատկերացնում։ Բացի այդ, այս բաղադրատոմսի հեղինակը հենց Թարվերդյանների մայրիկն է։ «Դոլմամա» ռեստորանային համալիրի հետ այս ապրանքատեսակի անվանումն առանձնապես կապ չունի, չնայած եղբայրների կարծիքով` այդ ռեստորանում էլ շատ համեղ տոլմա են մատուցում։
Նոր ապրանքատեսակի գաղափարը հետևյալն է` ստեղծել այնպիսի ապրանքատեսակ, որն ամբողջովին նորություն կլինի սպառողի համար, աշխարհին Հայաստանը կներկայացնի մի նոր բրենդով և չի նմանակի մյուս ձեռնարկությունների արտադրանքին։
Մի քանի տարի առաջ սպառողին նմանատիպ ևս մեկ հայկական արտադրանք էր ներկայացվել այս ընկերության կողմից` «Արարատ թեյը», որի պահանջարկը բավական մեծ է։ Թեյի արտադրության գործարանը շուրջօրյա է աշխատում։ Արտադրանքը հիմնականում արտահանվում է, նույն ճակատագրին նաև «Դոլմաման» կարժանանա։
Գաղափարի հեղինակների նպատակը նաև աշխարհին ապացուցելն է, որ այս ուտեստը տիպիկ հայկական է, ու Հայաստանի օդ ու ջրով եփված լինելու դեպքում է այն անկրկնելի համ ստանում։ «Այս ապրանքատեսակը ներկայացնելով` նաև ուզում ենք ապացուցել, որ սա տիպիկ հայկական է, և մեզ այսօր չի հետաքրքրում հարևան պետությունների արձագանքը։ Մենք մեր գործն անում ենք առանց ամբիցիաների, եթե անգամ նրանք էլ փորձեն արտադրել, մերը հաստատ ավելի համով կլինի ու ավելի ընդունված կլինի։ Օրինակ` ամբողջ աշխարհը հայտնի է հյութերով, բայց հայկական ծիրանի հյութը տարբեր երկրներում գնահատվում է` որպես ամենահամեղը, նույն հարևան երկիրը` Թուրքիան, ունի մեծ ծիրանի այգիներ»,- ասում է Երվանդ Թարվերդյանը։
Համեղ ապրանքատեսակը պատրաստվելու է հայկական հումքով, ընկերության սեփականատերերը վստահեցնում են`օգտագործվելու է միմիայն բարձրորակ սնունդ, և հիմնական նախապատրաստական մասը կատարվելու է ձեռքով` ավտոմատացում չի լինելու։
Տոլմաները լինելու են տարբեր տեսակի` ավանդական թփով ու կաղամբով տոլմայից սկսած՝ մինչև Մեծ պահքի տոլման` հայտնի «Պասուցը», բրնձով տոլման, իսկ ամենասիրելիներից մեկը` հայկական ամառային տոլման, կլինի սեզոնային. «Ջերմոցային լոլիկով ու բիբարով մենք չենք պատրաստելու մեր ապրանքատեսակը։ Տոլմաները կլինեն ամբողջովին եփված վիճակում` որպես պատրաստի արտադրանք, ցանկության դեպքում մատուցելուց առաջ կարելի է մի քանի րոպե տաքացնել»,- ասում է ընկերության սեփականատերը։ Սպառողին ներկայացվելու է 7 տեսակի ապրանքանիշ, և բոլորի վրա պիտակներով ներկայացված է լինելու պարունակությունը։
Տարաները մետաղյա են և ապակյա, պահպանման ժամկետը 2 տարի է։ Թարվերդյան եղբայրները վստահեցնում են` ապրանքը կպահպանվի մինչև 2 տարի և այդ ընթացքում իր համն ու հոտը չի կորցնի։
Արտասահմանյան ապագա սպառողից արդեն հետաքրքրություններ կան «Դոլմամայի» նկատմամբ։ Ճիշտ է, «Դոլմաման» հիմնականում Սփյուռքի հայության համար է նախատեսված, բայց ապրանքատեսակի հեղինակները համամիտ չեն, որ այն ամբողջովին արտահանելու համար է։ «Եթե մենք շեշտը դնեինք միայն Սփյուռքի վրա՝ նախագիծ չէինք ունենա։ Մեր ոչ մի նախագիծ նախատեսված չէ միայն սփյուռքի համար։
Իհարկե, այն հանգամանքը, որ Հայաստանում այնքան մարդ չի ապրում, որքան աշխարհի տարբեր երկրներում, ու հայերն այսօր մեծ Սփյուռքի ունեն, օգնում է արտադրողներին, բայց միայն դա թիրախ վերցնել և ասել` միայն Սփյուռք համար, սխալ մոտեցում է»,- մեզ հետ զրույցում ասում է Երվանդ Թարվերդյանը։
Չնայած այս ամենին՝ ընկերության սեփականատերն ընդունում է` առաջնային և պոտենցիալ սպառողը Ռուսաստանն է լինելու, Հայաստանից պահածոների և սննդամթերքի արտադրանքի շուրջ 80 %-ն այսօր հենց Ռուսաստան է արտահանվում։
«Իհա՛րկե, առաջին շուկան կլինի Ռուսաստանը, քանի որ այսօր 1 միլիոնից ավելի հայեր են բնակվում այդ երկրում։ Բայց կա նաև շատ թյուր կարծիք, թե այստեղ արտադրված ապրանքը միայն Ռուսաստան կարող է արտահանվել, ես բոլորովին համաձայն չեմ այս մտքի հետ և կասեմ` ո՛չ, հայ արտադրողը կարողանում է արտահանել և՛ Եվրոպա, և՛ ԱՄՆ, և՛ առհասարակ որակյալ ապրանք արտադրողի համար միևնույն է, թե նա իր ապրանքն ուր կարտահանի»,- ասում է Երվանդ Թարվերդյանը։
Մեր զրուցակիցը վստահեցնում է` տարաներում տոլման պահպանելու է իր համն ու հոտը։ Շատ ուրախալի լուր էլ ունեն. չկա մարդ, ով փորձած լինի տոլմայի փորձանմուշները և հավանած չլինի, բոլորին հիացնում է համը։