Մայրը Գարրի Կասպարովին թույլ չի տվել մասնակցել Բորիս Նեմցովի թաղմանը
Անընդհատ թունավորումներից, բանտից և հնարավոր հարձակումներից վախեցող էքս- գրոսմայստեր և ընդդիմադիր գործիչ Գարրի Կասպարովը հրաժարվեց մեկնել` մասնակցելու Բորիս Նեմցովի թաղմանը` հայտարարելով, որ վախենում է սեփական կյանքի համար:
Կասպարովի ընդդիմադիր ծանոթները բացարձակ լրջությամբ վստահեցնում են, որ Կասպարովին մեկնել թույլ չի տվել մայրը` Կլարա Շահենովնան, ով վաղուց է հանդիսանում որդու կյանքը կառավարողն ու դասավորողը:
Մասնավորապես, ֆրանսիական «Le Figaro»-ին տված հարցազրույցում Կասպարովը հայտարարել է, որ չի գնալու իր համախոհ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի թաղմանը, և ավելացրել, որ սույն որոշումը պայմանավորված է իր սեփական անվտանգության նկատառումներով;
Լրագրողները վաղուց են քննարկում Գարրի Կասպարովի` չարտոնված հանրահավաքներին մասնակցության հանդեպ ունեցած վախերը հատկապես 2007 թ. հնգօրյա ադմինիստրատիվ բանտարկությունից հետո:
Ըստ լուրերի` գրոսմայստերը լրջորեն վախենում էր, որ իրեն կթունավորեն:
Բայց դա դեռ ամենը չէ:
Պատմում են, որ Կասպարովը մահից էլ առավել վախենում է վշտացնել իր մորը:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 47-ամյա Գարրի Կիմովիչն իր բոլոր բանակցությունները վարում է բացառապես իր տանը և միայն ու միայն մոր` Կլարա Շահենովնա Կասպարովայի ներկայությամբ, որն ինքն էլ, լինելով ընդդիմադիր, ոչ միայն հսկում է գործընթացը, այլև ակտիվորեն միջամտում դրա ընթացքին: Հավանաբար հենց 2007-ի ձերբակալությունից ազատվելուց հետո Կասպարովը խոստացավ, որ այլևս երբեք մորն այդպիսի անհանգստություն չի պատճառի և իրեն կնվիրի միայն հրապարակախոսությանը և արտասահմանյան ուղևորություններին: Politonline.ru-ին Կասպարովի շրջապատի հետ մտերիմ աղբյուրները տեղեկացնում են, որ Կլարա Շահենովնան Կասպարովին արգելել է մեկնել Ռուսաստան:
Նրանք նշում են, որ ինքը` Կասպարովը, երբեք չի ասի, որ մայրն է իրեն արգելել մեկնել, բայց դա այդպես է:
Եվ դա իրոք իր անվտանգության համար վախն է, միայն թե՝ ոչ թե հենց իր, այլ մոր վախը:
Թարգմանությունը՝ Գ. ՍԱՎԶՅԱՆԻ