Տեր-Պետրոսյանն ու Ռուսաստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում հարցազրույց է վարել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ: Լրագրողի հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում ծաղրեց մի խումբ քաղաքական գործիչների՝ «կանխատեսելով» առաջիկայում դրանց միավորումն ու իշխանափոխության ստրատեգիան։

Եթե ավելի լուրջ՝ հնարավոր համարո՞ւմ եք Կոնգրեսից պոկված թելի՝ Ձեր, Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշրնյանի ղեկավարած կառույցների ու այլ գործիչների միավորումն առաջիկայում, Արարատ Զուրաբյանը պատասխանել է.

– Ոչինչ չեմ բացառում, բայց ցանկացած միավորում, ես կարծում եմ, պետք է լինի քաղաքական հենքի վրա և ոչ թե այս պահին որևէ խնդիր լուծելու համար։

– Օրինակ, իշխանափոխության օրակարգով…

– Գիտեք, իշխանափոխության օրակարգ պետք է ձեւավորել՝ ի սկզբանե իմանալով, թե ինչ տիպի իշխանություն ես հետագայում ձեւավորելու, հիմա եթե մենք ասենք՝ գնալու ենք ինչ-որ իշխանության հասնենք, ու, օրինակ, սոցիալ-դեմոկրատներ են գալու, իրենց հայացքներն են թելադրելու, ես չեմ համաձայնի նման իշխանափոխության, որովհետեւ ես գտնում եմ, որ ՀՀ-ն պետք է զարգանա այն գաղափարախոսության վրա, որին ես եմ դավանում, ես գտնում եմ, որ ազատական ժողովրդավարական արժեքները պետք է հաղթանակեն Հայաստանում:

Եվ կարծում եմ, որ ցանկացած միավորում, որը որ լինելու է, պետք է հիմքում դա ունենա: Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ բան նախանշեց հեգնանքով թե… իհարկե, ցավում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շատ կարեւոր բանի չանդրադարձավ. իր սիրելի Ռուսաստանի սիրելի վարչակարգի կենտրոնատեղիից 200 մետր հեռավորության վրա սպանվեց ելցինյան Ռուսաստանի մեծագույն գործիչներից մեկը՝ փոխվարչապետ Բորիս Նեմցովը, եւ որեւէ անդրադարձ դրան չեղավ: Իհարկե, հասկանում եմ՝ նրանք, ովքեր ծառայամտորեն կարող են խոնարհվել այդ երկրի իշխանավորին, չեն կարող նրա հակառակորդի անունը տալ, ցավակցել ու ինչ-որ ձեւով խոսել դրա մասին, բայց ես սա համարում եմ լուրջ բարոյական անկման հետեւանք:

– Ընդդիմադիր դաշտում հայտնվելու մոտավոր ժամանակացույց կարո՞ղ եք նշել: Դուք չեք բացառում հնարավոր միավորումները, բայց նաեւ խուսափում եք մոտավոր ժամկետներ նշելուց:

– Մենք հավակնոտ խնդիր չենք դրել, որովհետեւ գնահատում ենք մեր ուժերը եւ տեսնում, որ դա հնարավոր չէ, որ կարողանանք ինչ-որ ցնցում ու իշխանափոխություն իրականացնել: Գտնում ենք, որ պետք է շարունակենք մեր հասարակությանը բացատրել, որ Հայաստանը գնում է սխալ ճանապարհով, ու Եվրասիական տնտեսական միությունը որեւէ դրական բան չի բերելու Հայաստանին, այն էլ այսօրվա քաղաքական ու քաղաքակրթական հակադրության պարագայում, որում ներգրավված են Ռուսաստանն ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհն իրար դեմ դուրս գալով: Պետք է բացատրենք մարդկանց, որ ՀՀ-ում պետք է փնտրել, գտնել իշխանափոխության այն լուծումները, որոնք, քաղաքական որոշակի կոնսուլտացիաներ իրականացնելով, հնարավոր են ներսում, այլ ոչ թե օտարի միջոցով, օտարից օժանդակություն ակնկալելով:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս